Քանի՞ մարդ է Հայաստանում մահացել 2021 թվականին

Նախորդ տարվա ընթացքում մահացածների թվում տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Հայաստանում մեկ տարվա ընթացքում պակասել է մահացածների թիվը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեին։
«Նախորդ տարի մահացել է 34 հազար 658, իսկ 2020–ին` 36 հազար 170։ Մահացել են ավելի շատ տղամարդիկ։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` նախորդ տարի մահացել է 17 հազար 601 տղամարդ, 17 հազար 57 կին»,–գրում է օրաթերթը։
Հայաստանում մահացածների թվով առաջատարը Երևանն է, որտեղ նախորդ տարի մահացել է 12 հազար 483 մարդ։ Հաջորդը Լոռու մարզն է, որտեղ մահացածների թիվը կազմել է 3263։
Շիրակում մահացել է 3031 մարդ, Արմավիրում`2793։ Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ հիմնականում մահանում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից։ Գրանցված մահացության դեպքերի կեսից ավելիի պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է , իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները։
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2021 թվականին աճ կա, այդ պատճառով սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջատար դիրքերում։