Պատերազմից հետո բնակչության 30 տոկոսի մոտ առկա է հետտրավմատիկ սթրեսային խանգարում. Փիլոյան

Թեև պետական ծրագիրն ավարտվել է, հոգեբանները շարունակում են աշխատել շահառուների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության շուրջ 30 տոկոսի մոտ առկա է հետտրավմատիկ սթրեսային խանգարում։ Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի հետ աշխատող հոգեբանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, տեղեկանում ենք ԱԻՆ-ի կայքից։

«Իրականացված աշխատանքի արդյունքում մասամբ հնարավոր է եղել հաղթահարել հոգեբանական ծառայություններից օգտվելու բարդույթը: Փիլոյանը կարևորել է ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ ընդհանուր բնակչության հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման խնդիրը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Առաջին անգամ հոգեբանական աշխատանքը համակարգված գրանցվել, մոնիթորինգի է ենթարկվել և վերլուծվել: Ի դեպ, թեև պետական ծրագիրն ավարտվել է, հոգեբանները շարունակում են աշխատել շահառուների հետ:
Պատերազմի մասին երազներս անցան. ինչպես է աշխատում հոգեբանական աջակցության պետական ծրագիրը
Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսված թիրախային խմբերն են անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, գերության մեջ գտնված անձինք և նրանց ընտանիքի անդամները, վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք և նրանց ընտանիքի անդամները, զոհվածների ընտանիքների անդամները, ռազմական գործողություններին մասնակցած անձինք: Ծրագիրն իրականացվել է ոչ միայն ՀՀ-ում, այլև Արցախում: