Արոնյա՞ն, թե՞ Նակամուրա. ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» մրցաշարի հաղթողը կճանաչվի թայ–բրեյքով

Հիշեցնենք, որ սա վերջին հնարավորությունն է հավակնորդներ մրցաշարի ուղեգիր ձեռք բերելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Անցած տարվա դեկտեմբերից ամերիկյան դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ–ի «Գրան պրիի» սերիայի եզրափակիչ պարտիայում կրկին ոչ–ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
Պարտիան, որում Արոնյանը սպիտակներով էր խաղում, 30-րդ քայլի վրա ավարտվեց ոչ–ոքի։ Առաջին պարտիայում մրցակիցները ևս կիսեցին միավորները։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ Վաղը` փետրվարի 17-ին, շախմատիստները թայ–բրեյք կխաղան` որոշելու համար սերիայի առաջին մրցաշարի հաղթողին։
«Հայ աղջիկ, տան աղջիկ». Լևոն Արոնյանի սիրեցյալն ու քույրը միասին խմոր են գրտնակում
Բեռլինում անցկացվող մրցաշարի 16 մասնակիցները բաժանվել են 4 խմբի։ Արոնյանը С խմբում է, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենտ Կեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիտը և ռուսաստանցի Դանիիլ Դուբովը։ Արոնյանը վաղաժամ զբաղեցրեց խմբում առաջին տեղը և կիսաեզրափակիչ դուրս եկավ, որտեղ հաղթանակ տարավ ամերիկացի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսի նկատմամբ (1,5:0,5)։ Խմբային փուլում շախմատիստները 6 տուր խաղացին։
Հիշեցնենք, որ սա «Գրան պրիի» սերիայի երեք մրցաշարերից առաջինն է։ Սերիայի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին։