ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են մեքենաների օդի կարգավորման և ABS համակարգեր գողացած 3 երիտասարդներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկանությունը փետրվարի 11–ին նույնաբովանդակ մի շարք ահազանգեր է ստացել։ Տուժողները եղել են հիմնականում «Մերսեդես» մակնիշի մեքենաների տերերը։ Նրանք հայտնել են, որ գողացված է մեքենաների օդի կարգավորման և ABS համակարգերը։
Փետրվարի լույս 14-ի գիշերը գողություններ անող խումբը վնասազերծվել է։
«Քրեական հետախույզները գիշերային ծառայություն իրականացնելիս Անդրանիկի փողոցում, նկատել են 3 երիտասարդի, որոնց վարքագիծը կասկածելի է թվացել։ Նրանք եղել են դիմակներով, ձեռնոցներով, գլխարկներով։ Գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվելու պահին երիտասարդներից մեկը ձեռքից նետել է տոպրակը։ Դա նկատել են ոստիկանները և տոպրակով հանդերձ՝ բերման ենթարկել։
Պարզվել է նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի 23, 29 և 32 տարեկան բնակիչներ էին։ Տոպրակում պտուտակահան, աքցան, ձեռնոցներ և այլ իրեր են եղել։ Նրանց մոտ հայտնաբերվել է նաև ծալովի դանակ, որի ծայրին ապակի կոտրելու հարմարանք է եղել։
Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ երիտասարդները մայրաքաղաքում մեքենաներից 12 գողություն են կատարել։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։