ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Մի խումբ անձինք ստեղծել են ընկերություններ, որոնց միջոցով ԵԱՏՄ անդամ Ռուսաստանից ՀՀ են ներմուծում փաստացի այլ տնտեսավարող սուբյեկտներին պատկանող մեծ քանակությամբ հագուստ, կոշիկ և հեռախոսի աքսեսուարներ` խուսափելով հարկ վճարելուց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` հավելելով, որ ընկերությունները խուսափել են 1.5 միլիարդ դրամի հարկեր վճարելուց։
Դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։
«Այդ անձանց պատկանող ընկերություններից մեկը՝ «Ռեսպեկտ Ռայթ» ՍՊԸ-ն, 2021թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին օդային ճանապարհով ՀՀ է ներմուծել 700 մլն դրամ արժեք ունեցող հագուստ։ Սակայն որևէ իրացում չի ձևակերպել` թաքցնելով ներմուծված հագուստի իրական շահառուներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ ընկերությունը ներմուծման հարկային հայտարարագրերում նշել է կեղծ տվյալներ` խուսափելով 122 միլիոն դրամ ներմուծման ԱԱՀ-ի վճարումից:
Ըստ ՊԵԿ–ի՝ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: