Ամեն ինչ սկսվեց, երբ 44-օրյա պատերազմից հետո Արցախից Գյումրի տեղափոխված ու սոցիալապես անապահով ընտանիքների համար Երիտասարդական պալատում սկսեցին հագուստ հավաքել: Օգտագործման ենթակա հագուստը բաժանվեց կարիքավորներին, բայց մեծ քանակության հագուստ մնաց, որն իրացման ենթակա չէր:
«Մենք սկսեցիքն դրանցից պայուսակներ կարել, բայց հետո որոշեցինք՝ անել այնպիսի ծրագիր, որն ասելիք կունենա՝ էկոլոգիական խնդիր կլուծի ու վերաբերմունք կփոխի: Այս դեպքում հավաքածու ստեղծելն ամենալավ տարբերակն էր»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Երիտասարդական պալատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակարյանը։
Երիտասարդական պալատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակարյանը (աջից) կամավորականի հետ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հավաքածուն արդեն իր անունն ունի:
«Քանի որ մեր շատ ծրագրերի անվանումներ «սիրուն» բառով էին սկսվում, հավաքածուն որոշեցինք «Սիրուն» կոչել (Siroon rECOvery)։ Գործընթացը շատ հետաքրիր է ու համախմբում է բոլոր կամավորներին. մեկը կարում է, մյուսը՝ նկարում կամ ասեղնագործում: Փորձում ենք մաքսիմալ օգտագործել մեր մոտ կուտակված հագուստի պաշարը՝ աղբի պաշարը հնարավորինս քչացնելու համար»,-նշում է Լիլիթը հավելելով, որ մի հետաքրքիր գաղափար էլ ունեն, սակայն դա ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում. հագուստի աղաց ունենալու դեպքում էլ ավելի կկրճատվեր աղբանոցներ նետվող հագուստի քանակը՝ անպետք հագուստը կաղացվի և կօգտագործվի ներքնակների, փափուկ կահույքի կամ բարձերի մեջ:
Հին հագուստին նոր կյանք տալու գաղափարի շուրջ համախմբվել են կամավորներ նաև արտերկրից: Ամեն մեկը յուրովի է ներգրավված գործընթացում:
«Նոր կյանք՝ հին հագուստին» ծրագրի կամավոր Քրիստոֆեր Օհանյանը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Դեպի Հայք» ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից Հայաստան ժամանած 27-ամյա Քրիստոֆեր Օհանյանը վստահեցնում է՝ Հայաստանում մտածելակերպի փոփոխության անհրաժեշտություն կա՝ մարդիկ հագնում եմ միաոճ ու թանկ հագուստ, մինչդեռ կարելի է հագնել լավ հագուստ, բայց ոչ անպայման նորը:
«Լոս Անջելեսում մեծածախ ընտանեկան բիզնես ունենք, մասանգիտությամբ մենեջեր եմ՝ բավական հնարավորություններ ունենք, բայց ես ինքս հաճույքով կրում եմ ձևափոխած կամ այսպես կոչված՝ Second hand հագուստ»,-ասաց Քրիստոֆերը չբացառելով՝ հնարավորության դեպքում կմնա Հայաստանում՝ այստեղ իր սեփական գործը դնելով։ Բայց մինչ այդ պետք է անի ամեն ինչ՝ «Սիրուն»-ի հավաքածուի համար իր լուման ունենալով, իսկ դրա համար նա փորձում է աշխատել կարի մեքենայով:
Աստրիդ Փելյու
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աստրիդ Փելյուն նորաձևության մայրաքաղաքից է եկել Գյումրի: Հավաքածուի ստեղծման գաղափարը շատ է հավանել: Տեսնելով հին հագուստը՝ փորձում է թղթին հանձնել դրա նոր տարբերակը:
Երիտասարդները վստահեցնում են՝ իրենց ստեղծած հագուստը նաև յուրահատուկ է նրանով, որ անկրկնելի է ու ստեղծվում է մեկ օրինակից: Իսկ «Սիրունը» նրանց մեջ արդեն մտածելակերպ է փոխել՝ փորձում են զգեստապահարանը նորացնել «հին» հագուստներով:
Աշխատանքերի նորմալ ընթացքի դեպքում նախաձեռնողները խոստանում են հավաքածուի ցուցադրությունը կազմակերպել առաջիկա գարնանը: