ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով այսօր մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։
Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը, մասնակցում են նիստին։
Դատախազների կողմից Քոչարյանին և Գևորգյանին վերագրվող մեղադրանքը ներկայացնելուց հետո դատավորը տեղեկացրեց` Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։ Այս դեպքում 7-12 տարի ազատազրկում է սպասվում` գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա։
Սակայն Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենց համար պարզ չէ պաշտպանյալին վերագրվող մեղադրանքը։
«Մեղադրանքը ձևակերպված է այնպես, որ ոչ միայն իրավաբանի, այլ նաև իրավապահների համար հասկանալի չէ ձևակերպումը։ Կարծում եմ` երբ մենք ցույց տանք դատարանին, թե որ դրույթները մեզ համար պարզ չեն, դատարանին նույնպես պարզ չի լինի այդ ամենը։ Ավելին` քննիչի համար էլ մեղադրանքը պարզ չի եղել, նրան թելադրել են նման մեղադրանք առաջադրել»,–ասաց Ալումյանը։
Նա ընդմիջում պահանջեց, որպեսզի պաշտպանական կողմն իր տեսակետը հայտնի Քոչարյանին վերագրվող մեղադրանքի մասով ։ Դատարանն, այսպիսով, 20 րոպե ընդմիջում հայտարարեց։
Քոչարյանի գործով դատախազը հայտնեց` որ դեպքում նոր մեղադրանք կառաջադրվի երկրորդ նախագահին
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստել է, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
ՍԴ–ն որոշել էր, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։
Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։