Ինչպե՞ս են այցելուներին գրավում Dubai Expo-ի հայկական տաղավարում

Հայաստանի տաղավարը Dubai Expo-ում . Արխիվային լուսանկար
Բոլոր հյուրերին պատմում են Հայաստանի մասին (եթե կարիք կա՝ նաև արաբերեն լեզվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի տաղավարը Dubai Expo-ում մեծ չէ, և դա նկատելի դարձնելու համար հարկ է լինում այցելուների հետ աշխատանք տանել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տաղավարի աշխատանքների համակարգող Լիլիթ Հակոբյանը։
Ցուցահանդեսի արաբ հյուրերը կարող են տաղավարում խոսել մայրենի լեզվով. տաղավարի աշխատակիցների մեջ սիրիահայեր կան:
«Մեր հյուրերը գնահատեցին դա, հատկապես, որ ամենևին էլ ոչ բոլոր տաղավարներում են կարողանում մայրենի լեզվով շփվել»,-ավելացրեց Լիլիթը։
Արտասահմանցի ներդրողների հետ շփվելու փորձ նա արդեն ունի․ապրել և սովորել է Պետերբուրգում, այնուհետև՝ Բրիտանիայում, իսկ հետո Սփյուռքի երիտասարդների ներգրավման ծրագրի շրջանակում մեկ տարի պետական աշխատանք է կատարել Հայաստանում։
Շատերը, հատկապես՝ արաբները, անսպասելի հարց են տվել․ «Հայաստանը որտե՞ղ է»։ Նրանց ներկայացրել են, որ Հայաստանն իրականում այնքան էլ հեռու չէ, և որ Մերձավոր Արևելքի երկրներից այնտեղ կարելի է հասնել 3-4 ժամում։

Դեպի հավանական զբոսաշրջիկի (կամ ներդրողի) սիրտը տանող ճանապարհը կրճատելու համար տաղավարում հայկական սուջուխ և այլ հայկական մթերքներ են հյուրասիրում։ Ստիպված են առանց տաք ուտեստների մնալ՝ տաղավարը փոքր է և ռեստորանային տարածք չի ենթադրում (ի տարբերություն մի շարք խոշոր երկրների տաղավարների)։ Փոխարենը հանգիստ դիտող (և համտեսող) այցելուներին փորձում են ավելի շատ պատմել Հայաստանի մասին։

Այցելուներին գրավում է սուջուխը, բայց հետաքրքրում են նաև ոչ ուտելի ցուցանմուշները, այդ թվում՝ Արցախի Աստղաշեն գյուղից բերված նմուշները։ Դիզայներ Սոնա Ավագյանն Աստղաշենից ծովաշուշաններ է հավաքում (փշամորթներ են՝ ծովաստղ հիշեցնող, որոնք գյուղի մոտակայքում անձրևից հետո մակերևույթ են դուրս գալիս) և զարդեր է պատրաստում դրանցից։ Այդ շուշան-աստղիկների պատճառով էլ հենց գյուղը կոչվում է Աստղաշեն։
Տաղավարում ներկայացված են նաև պատմական ցուցանմուշներ, որոնք բերել են Հայաստանի թանգարաններից, այդ թվում՝ Արենիի քարանձավում հայտնաբերված 5 500 տարեկան կաշվե կոշիկն ու առաջին հայերեն տպագիր գիրքը՝ 16-րդ դարի։
Արենիի քարանձավում հայտնաբերված 5 500 տարեկան կաշվե կոշիկի ցուցանակը
Ավելի վաղ պատմել էինք, որ տաղավարն արդեն մոտ 300 հազար այցելու է ընդունել (ցուցահանդեսի 10 միլիոն հյուրերից)։ Dubai Expo–ում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգից հետո ցանկանում են ռոք խմբեր և էստրադային կատարողներ բերել։
Հիշեցնենք, որ Dubai Expo համաշխարհային ցուցահանդեսը անցկացվում է 2021թ․-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2022թ․-ի մարտի 31-ը: