ՀՀ–ում երեխաների շրջանում քաղցկեղով հիվանդացության դեպքերի 40%-ը լեյկեմիաներն են

Հիվանդանոց
Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է 80-100 մինչև 18 տարեկան երեխա։ Դեպքերի շուրջ 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է գրեթե 75-80% կատարյալ առողջացում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մանկական սոլիդ ուռուցքների թիվը կազմում է տարեկան մոտավորապես 40-50 առաջնակի դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպողները կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները և երիկամի ուռուցքներն են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երեխաների բուժումը հնարավոր է անցկացնել ստանդարտացված ամերիկյան և եվրոպական պրոտոկոլներով, իրականացնել բարձր դոզային քիմիաթերապիա։ 2018 թվականից նաև հասանելի է ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։
Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում: Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը, գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշմանը, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով։
Ցավը ուշ է ի հայտ գալիս. ինչպես կարելի է ժամանակին հայտնաբերել քաղցկեղը
2021 թվականից հետազոտությունը ներառվել է հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկում և հնարավորություն է ստեղծվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով իրականացնել առողջապահության նախարարի հրամանով:
Նախորդ տարի Հայաստանում նաև առաջին անգամ ստեղծվել է մանկական քաղցկեղի պալիատիվ ծառայությունը և պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության բաժանմունքը: Մասնագիտական թիմը ծառայություններ է տրամադրում շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքը:
Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով երեխաների և դեռահասների բուժման համար 2021 թվականին ձեռք է բերվել 23 անվանում ուռուցքաբանական դեղ, որոնք անվճար տրամադրվել են համապատասխան հիվանդներին: Հակաուռուցքային դեղեր ստացվում են նաև մարդասիրական օգնության ճանապարհով:
Փետրվարի 15-ին նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որը գլոբալ համագործակցային արշավ է` բարձրացնելու մանկական քաղցկեղի մասին իրազեկությունը և աջակցություն հայտնելու քաղցկեղով հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքներին: