ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովը Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծ կներկայացնի։ Տեղեկությունը հրապարակվել է Ազգային ժողովի կայքում։
«Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ փետրվարի 4–ին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը։ Ավելի վաղ Միլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը) հաստատել էր Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը: Փաստաթղթի ընդունմանը 266 պատգամավոր էր կողմ քվեարկել։ Անցյալ տարվա հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրի տեքստում նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նաև ասվում է, որ կողմերը կշարունակեն երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը։