ՌԱԴԻՈ

«5-6 ամիս առաջ պատվաստվածները պրակտիկորեն չպատվաստված մարդիկ են». համաճարակաբան

Համաճարակաբան Արմեն Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածվածությանը և դրա դեմ պատվաստումների արդյունավետությանը։
Sputnik
Գլոբալ կարծիք կա, որ պատվաստանյութերի արդյունավետությունն «Օմիկրոնի» դեպքում զիջում է «Դելտային», սակայն հաշվի չի առնվում, որ «Դելտայի» տարածման ժամանակ մարդիկ պատվաստված էին 3-4 ամիս, իսկ «Օմիկրոնի» դեպքում`արդեն 6-7 ամիս։ Իսկ 6 ամիս առաջ պատվաստված մարդիկ, կարելի է ասել, պատվաստված չեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց համաճարակաբան Արմեն Օհանյանը։
Հայաստանում քանակի տեսանկյունից հստակ ցուցանիշներ չկան «Օմիկրոնով» վարակվածների, բայց եթե ոչ բոլորը, ապա 90 տոկոսից ավելին «Օմիկրոն» մանրէահիմքով են վարակված, որովհետև համավարակի ընթացքն է այդպիսին. նոր մանրէահիմքը հայտնվելուց հետո գերակա է լինում, իսկ մնացածի քանակն, ըստ էության, շատ քիչ է լինում կամ չի լինում։

«Հիմա պրակտիկորեն բոլորը հիվանդանում են, նամանավանդ այն մարդիկ, որոնք ռեալ չէին հիվանդացել նախկինում, իրենք արագ տեմպով հիվանդանում են։ Այս պահին մեզ մոտ թվերը կայուն ցուցանիշների վրա են։ Դա կախված է նրանից, որ մարդիկ ամեն մի սիմպտոմի դեպքում չեն վազում թեստավորվելու։ Նախկին քանակով հետազոտելու դեպքում հիմա օրեկան 5-7000 դեպք պիտի ունենայինք, բայց տեսնում ենք, որ, ճիշտ է, հիմա հիվանդները կան, նրանք շատ–շատ են, բայց պաշտոնական թվեր շատ բարձր չենք ունենում»,– մանրամասնեց մասնագետը։

Պատասխանելով հարցին` արդյոք «Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութերը նվազ արդյունավետ են, ի տարբերություն նախորդ տարբերակների, համաճարակաբանը նշեց, որ պետք է նաև հաշվի առնել, թե վարակված անձը երբ է պատվաստվել։
Որոնք են այն ախտանշանները, որոնք հատուկ են հենց «Օմիկրոնին»
Ըստ նրա` 5-6 և ավել ամիս առաջ պատվաստվածները, եթե չեն ստացել խթանիչ դեղաչափ, պրակտիկորեն կարելի է համարել, որ չպատվաստված մարդիկ են։

«Մարդիկ ասում են` ես պատվաստված էի, բայց հիվանդացա, առանց հաշվի առնելու, որ պատվաստվել են 7 ամիս առաջ, իսկ «Դելտայի» ժամանակ նա ընդամենը 3 ամիս էր, որ պատվաստված էր»։

Օհանյանը նշեց, որ «Օմիկրոնի» դեպքում վիրուսի մեջ եղած որոշ փոփոխությունների մի մասը հենց հակամարմնի Սպայկ սպիտակուցի կազմի հետ է կապված, ինչի միջոցով էլ ապահովվում էր պատվաստանյութի ազդեցության մեխանիզմը, պատվաստանյութի թիրախը հենց այդ սպիտակուցն էր, իսկ հիմա, քանի որ այն մի փոքր փոփոխվել է, արդեն պատվաստանյութի համար մի քիչ էֆեկտիվությունն ընկել է։
Անդրադառնալով կորոնավիրուսի մանրէահիմքերի տարբերակմանը` համաճարակաբանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշակի ուսումնասիրություններ անում է, սակայն դրանք հետապնդում են գիտական նպատակ` համաճարակաբանական որոշ ցուցանիշներ ունենալու համար։ Պրակտիկ հիվանդների հետ այդ հետազոտությունները կապ չունեն։
«Դելտան» հաղթահարած մարդը կարո՞ղ է վարակվել «Օմիկրոնով». վարակաբանի պատասխանը
«Օրինակ` ինչ–որ դպրոց կամ ընտանիք վարակվել է նույն աղբյուրից, 1-2-ից վերցնում են վիրուսի տարբերակի վերաբերյալ նմուշառում, հետո արդյունքը տարածում են բոլորի վրա»,–հավելեց Օհանյանը։
Նշենք, որ ՀՀ ԱՆ փետրվարի 15-ի տվյալներով` Հայաստանում թեստի դրական պատասխան ստացածների 74,7%-ը պատվաստված չէ։
Հոսպիտալացվածների 82%-ը և ծանր վիճակում գտնվողների 81,5%-ը պատվաստված չեն։