Ընդդիմադիրները լքեցին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը. Արխիվային լուսանկար
ԱԺ ընդդիմադիրները կասկածում են հանձնաժողովի օբյեկտիվության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։
Մինչ այդ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քանի որ չեն կարծում, որ օբյեկտիվ քննություն է գնալու։
Նշենք, որ այսօրվա նիստին ներկա են ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստին առկա ընդդիմադիրներից հետաքրքրվեց` մասնակցելո՞ւ են հանձնաժողովի աշխատանքներին, թե ոչ։

«Պատիվ ունեմի» պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ևս մեկ անգամ շեշտեց` չի կարող այս հանձնաժողովի աշխատանքն օբյեկտիվ լինել, քանի որ իշխանությունը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն ինքն է։

«Առաջնահերթություններից է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հանգամանքները պարզելը։ Սակայն այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ ներկայիս իշխանությունը չի լինի իշխանության ղեկին»,–ասաց Աբրահամյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ իր հերթին նշեց, որ այնպես չէ` մի կողմ են քաշվելու և մամուլից հետևեն իրադարձություններին, պարզապես կարծում են, որ հանձնաժողովը կաշկանդված է գործելու։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ պաշտպանական հարցերի քննարկմանը մասնակցելու են։
«Մենք հիմա լքում ենք դահլիճը և եթե մի օր նպատակահարմար գտնենք, կարող է գանք և մասնակցենք նիստին»,–ասաց Մանուկյանը։
Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանեց, որ իրենք որոշում կկայացնեն ընդդիմադիրների` հաջորդ աշխատանքներին մասնակցել–չմասնակցելու հարցի առնչությամբ։
Նշենք, որ փետրվարի 10–ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։
44-օրյա պատերազմին հրամանատարի տեղակալը փախել է, զոհվել է 20 զինծառայող. դատախազություն