Ուկրաինացի գործարարները զանգվածաբար լքում են երկիրը․ ԶԼՄ

Ինքնաթիռ
Արդեն գրեթե չորս տասնյակ երկրներ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել լքել Ուկրաինան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Օլիգարխներն ու գործարարները չարտերային չվերթերով և մասնավոր ինքնաթիռներով հեռանում են Ուկրաինայից։ Տեղեկությունը հայտնում է «Украинская правда»–ն։
Միայն փետրվարի 13-ին Կիևից գրեթե 20 ինքնաթիռ է մեկնել՝ տանելով երկրի ամենահարուստ մարդկանց։ ԶԼՄ–ի տեղեկություններով՝ վերջին 6 տարվա դիտարկումների ընթացքում մասնավոր չվերթերի այսպիսի քանակ չի եղել։
Օդ բարձրացած ինքնաթիռներից մեկը միլիարդատեր Ռինատ Ախմետովինն է եղել (առաջին տեղն է զբաղեցնում ուկրաինական Forbes-ում)։ Ինքը՝ Ախմետովը, դեռևս հունվարի 30-ին էր երկիրը լքել Կիև-Ցյուրիխ չվերթով։
«Украинская правда»-ի տվյալներով` Կիև-Վիեննա երթուղով 50 հոգանոց մասնավոր ինքնաթիռ է պատվիրել «Ընդդիմադիր հարթակ – հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր, միլիոնատեր Իգոր Աբրամովիչը: Հաղորդվում է նաև, որ առնվազն ևս ութ գործարար, որոնց թվում Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ կան, արդեն լքել են երկիրը:
Կիևից դուրս է եկել նաև Բորիս Կոլեսնիկովի (100 ամենահարուստ ուկրաինացիների վարկանիշում 55-րդ տեղն է զբաղեցնում) ինքնաթիռը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ ինքնաթիռը Պրահա է մեկնել ընդամենը տեխնիկական սպասարկման համար։
Ուկրաինայից դուրս է եկել նաև գործարար և օլիգարխ Վիկտոր Պինչուկը։
Կիև-Մյունխեն չվերթով փետրվարի 10-ին մեկնել է ուկրաինացի գործարար, պատգամավոր Վադիմ Նովինսկին:
Վաշինգտոնում ընդունում են` Ուկրաինայում պատերազմ կարող է չլինել
Արտասահման է մեկնել նաև ուկրաինացի գործարար և քաղաքական գործիչ Ալեքսանդր Յարոսլավսկին, որի ավտոշարասյունը 4 օր առաջ մահացու ելքով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու:
Փետրվարի 13-ին Ուկրաինան լքել են գործարարներ Անդրեյ Ստավրիցերը (պաշտոնական վարկածով՝ մեկնել է գործուղման) և Վադիմ Նեստերենկոն, փետրվարի 12-ին՝ Վադիմ Ստոլարը և Վասիլի Խմելնիցկին, որը, սեփական մամուլի ծառայության հաղորդմամբ, թիմի հետ ուսուցման է մեկնել:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ արդեն 38 երկիր իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել հեռանալ Ուկրաինայից։ Նրանց թվում են ԱՄՆ-ն, Մեքսիկան, եվրոպական գրեթե բոլոր պետությունները, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Իսրայելը և Ճապոնիան:
Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին 1 ժամ խոսել են հեռախոսով