Արայիկ Հարությունյանը Հադրութի իր այգիները պատերազմից առաջ չի վաճառել. դատախազություն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստին (23 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ . Արխիվային լուսանկար
Արցախի դատախազությունը քրեական գործ էր հարուցել, որի շրջանակում էլ պարզվել է Արայիկ Հարությունյանի մասին շրջանառվող լուրերի իսկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Արցախի դատախազությունը հերքում է լուրերը, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախքան 44-օրյա պատերազմը վաճառել է իր ունեցած հողամասերը։ Դատախազությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով լուրերին, թե Հարությունյանն օտարել էր Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները:
Արցախի դատախազությունը նման բովանդակությամբ հաղորդում էր ստացել, որի հիման վրա էլ քրգործ է հարուցվել։

«Հարուցված քրգործի նախաքննության ընթացքում պահանջվել ու տեղեկություններ են ստացվել ԱՀ կադաստրի և պետգույքի կառավարման կոմիտեից, ԱՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրից: Ստացված տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ և ավելի վաղ ԱՀ նախագահին և նրա ընտանիքի անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող գույքի, այդ թվում բաժնետոմսերի օտարում, այլ անձի տեղի չէր ունեցել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ գույքի միջնորդավորված օտարման հնարավոր դեպքերը վերհանելու համար հանձնարարություններ էին տրվել հետաքննության մարմիններին։ Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույնպես նման դեպքեր չեն հայտնաբերվել: