ԱԱԾ–ի հրապարակած տեսանյութի անձինք ՀՅԴ-ի հետ կապ չունեն. Դաշնակցությունը հերքում է

ՀՅԴ ԳՄ շենքը. Արխիվային լուսանկար
ՀՅԴ–ականները նման տեղեկություններ տարածելը որակել են որպես հերթական զազրելի սուտ իրենց դեմ ծավալվող սև քարոզչության շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցությունը հերքում է ԱԱԾ–ի կողմից պետական դավաճանության առերևույթ հանցագործության բացահայտման շրջանակներում «Հայդուկ» ջոկատի ոմն հրամանատարի ձերբակալության վերաբերյալ տեղեկությունները։
Դաշնակությունը պաշտոնապես հայտարարել է, որ իրենք երբեք չեն ունեցել և այժմ էլ չունեն «Հայդուկ» ջոկատ և ընդգծել է, որ իրենց դեմ ծավալվող սև քարոզչության շրջանակներում տարածվել է հերթական զազրելի սուտը։
«Այն պնդումները, թե իբր այս ջոկատի շտաբը գտնվել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում, նույնպես սուտ է: Բացի դրանից՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյությում առկա անձինք ՀՅԴ հետ որևէ առնչություն չունեն, մասնավորապես՝ նրանցից որևէ մեկը դաշնակցական չէ և չի եղել»,– նշել են կուսակցությունից։
Նրանք պահանջել են իրավապահ մարմիններից՝ բացահայտել և պատասխանատվության ենթարկել այդ արարքի հեղինակներին, մասնավորապես՝ սուտ մատնության հատկանիշներով անհապաղ հարուցել քրեական հետապնդում:
«Անբարոյականություն է ուրանալ Հայ հեղափոխական դաշնակցության դերակատարությունն ու դաշնակցականների անձնազոհությունը ազատագրական պայքարում: Դիմում ենք վերոնշյալ հերյուրանքը տարածած լրատվականներին՝ հրապարակել այս հերքումը»,– շեշտել են ՀՅԴ–ից։
Նշենք, որ Facebook-ի օգտատերերից մեկը` Վարդան Հարությունյանը, օրեր առաջ տեղեկություն էր տարածել, թե ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության մեղադրանքով կալանավորված անձանցից մեկը դաշնակցական «Հայդուկ» ջոկատի հրամանատարն է: