Կութ համայնքի հինգ ընտանիքի հուզող գլխավոր հարցը դեռ չի հաջողվել լուծել` դեռ հետ չեն բերել նրանց եկամտի միակ աղբյուրը` գողացված 80 գլուխ անասունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով սահմանամերձ գյուղի հոգսերից ու խնդիրներից, ասաց համայնքի ղեկավար Սիմա Չիթչյանը` հավելելով, որ տևական ժամանակ է` ադրբեջանական դիրքերից կրակոցներ չեն հնչում, անդորրը պահպանվում է։
Նախորդ տարվա հունիսին Կութ գյուղից ադրբեջանցիները 80 կով էին առևանգել: Նրանք կրակահերթեր էին արձակել հովվի ուղղությամբ, գնդակը կպել էր ձիու ոտքին, և ամբողջ հոտը թշնամին գողացել էր։ Այդ մասին տեղեկացել էին թե՛ ՊՆ–ում, թե՛ վարչապետի աշխատակազմում, սակայն անասուններին հետ բերելու ուղղությամբ, ըստ Չիթչյանի, ոչինչ չի արվում: Միայն Մարդու իրավունքների պաշտպանը, որը բարձրաձայնել էր խնդիրը, համայնք կատարած վերջին այցի ժամանակ դարձյալ հետաքրքրվեց գյուղացիներից գողացված անասունների ճակատագրով։
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ սահմանամերձ մի շարք գյուղերում առաջացել է ջրի հետ կապված խնդիր, քանի որ ադրբեջանցի զինվորականներն ապօրինաբար տեղակայվել են ՀՀ տարածքում գտնվող ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում`Չիթչյանն ասաց, որ բարեբախտաբար Կութին մատակարարող ջրային ռեսուրսները գտնվում են հայ դիրքապահների թիկունքում, գյուղի անմիջական հարևանությամբ։
«Ջրամատակարարումը նորմալ է, ունենք նաև գյուղի վերին հատվածում գտնվող ջրամբար, որը խոտհարքներին շատ մոտ է։ Մտավախությունն այն է, որ ադրբեջանցիները կարող են դիվերսիա կազմակերպել, անցնել այս կողմ և թունավորել ջրերը, բայց մեր զինվորները հսկում են իրավիճակը»,– ասաց Կութի համայնքապետը
Չիթչյանը տեղեկացրեց, որ իրենց գյուղը ընդգրկված էր սուբվենցիոն ծրագրերից մեկում, ինչի շնորհիվ գիշերային լուսավորության հարցը լուծվել է։
Համայնքապետը հայտնեց, որ պատերազմից հետո 45 ծուխ ունեցող Կութից հեռացել է երեք ընտանիք։
Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 10–ին այցելել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ,
Ջաղացաձոր, Նորաբակ, Կութ, Սոթք գյուղեր:
Ըստ նրա` լուրջ խնդիր է շարունակում մնալ խմելու ջրի հարցը: Ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները 2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։