Կոչումով կապիտան, սպա Գևորգ Կարապետյանի մտքով չէր էլ անցնի, որ մի օր զինվորականի խիստ առօրյայի փոխարեն թիթեռներով կոմպոզիցիաներ կպատրաստի։ Հայտնի անեկդոտն է հիշում . «Հիմա իմ գործը թողնեմ, ձեզ համար թիթե՞ռ նկարեմ»։ Գևորգը ծառայում էր Արցախի հարավային զորամասերից մեկում, երբ 44-օրյա պատերազմը սկսվեց։ Հոկտեմբերի 25-ին ծանր վիրավորում ստացավ թշնամու ավիահարվածից, բուժման ընթացքում հայտնվեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Հենց այստեղ էլ սկսեց այս յուրահատուկ արվեստով զբաղվել` թիթեռներին նորից ապրեցնել։
Զինվորի տան տղաները թիթեռային կոմպոզիցիաներ են պատրաստում
© Sputnik / Aram Nersesyan
«Անցյալ տարի Սուրբ Սարգսի տոնի նախընթաց օրերն էին, որ սկսեցինք թիթեռների հետ աշխատել։ Իմ առաջին աշխատանքը նվիրեցի կնոջս՝ Անտիկային։ Հիմա որ նայում եմ, ծիծաղում եմ, որովհետև ահավոր է, բայց էնքան մեծ սեր կա դրա մեջ դրված»,- պատմում է իր գործում արդեն վարպետացած Գևորգը։
Թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստելը 1 տարի առաջ տղաների համար սկսվեց որպես արտթերապիա։ Աշխատանքը նրանց դուր եկավ, իսկ արդյունքն էլ մեծ հետաքրքրությամբ ընդունվեց, շատերն ուզեցին ունենալ վիրավոր զինվորների ձեռքերով պատրաստած յուրահատուկ կոմպոզիցիաները։ Ու այդպես ծնվեց «Գեղեցկություն զինվորներից» նախագիծը։ Այն երկու նպատակ ունի․տղաների համար հիմնական աշխատանք է դարձել` գրանցված աշխատող են, աշխատավարձ են ստանում, իսկ կոմպոզիցիաների վաճառքի ամբողջ հասույթն էլ փոխանցվում է Զինվորի տանը՝ վիրավոր զինվորների տարբեր կարիքների համար։ Աշխատանքները վաճառվում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
«Գեղեցկություն զինվորներից» նախագծի մասնակից Գևորգ Կարապետյանը
© Sputnik / Aram Nersesyan
Էրիկ Մկրտչյանը Վանաձորից է, սովորում և աշխատում էր, ինչպես ինքն է ասում, «դզող-փչող»։ Պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակը եկավ, մեկնեց բանակ՝ համոզմունքով, որ հետ է գալու և սկսած գործը շարունակի։ Ծառայության 1 տարի 3 ամիսը հետևում էր մնացել, երբ պատերազմը սկսվեց։ Ծանր վիրավորում ստացավ հոկտեմբերի 16-ին Իշխանաձորում։ Այնպես ստացվեց, որ արհեստի փոխարեն Էրիկն իրեն արվեստում գտավ։
«Կյանքս 180 աստիճանով փոխվել է, բայց դժգոհ չեմ, այս աշխատանքը շատ եմ սիրում, հանգստացնում է»։
«Գեղեցկություն զինվորներից» նախագծի մասնակից Էրիկ Մկրտչյանը
© Sputnik / Aram Nersesyan
Մասնագիտությամբ էներգետիկ ինժեներ Հայկ Ժամկոչյանն էլ «Ես եմ» ծրագրի առաջին զինվորներից էր, ծառայության 2 տարուց ավելին անցել էր, հունվարի վերջին զորացրվելու էր, բայց... Թշնամու դիպուկահարի կրակոցից վիրավորվել է հոկտեմբերի 16-ին Հադրութում։ Զինվորի տանը բուժումների ժամանակ էլ սկսեց այս յուրահատուկ արվեստով զբաղվել։
«Մարդիկ կան, որ տեսնում են այս աշխատանքները, խոսելու ունակությունը կորցնում են, հատկապես երբ ասում ենք, որ թիթեռներին արհեստական գույներ տրված չեն, գույնն ու փայլը բնական են, միայն հատուկ նյութով մշակում ենք, որ կյանքը երկարացնենք»։
Աշխատանքներում օգտագործվող թիթեռներն արտասահմանից են ներմուծվում։ Դրանք ոչ թե բնությունից են որսում, այլ հատուկ բուծարաններում են բուծվում։
«Գեղեցկություն զինվորներից» նախագծի մասնակից Հայկ Ժամկոչյանը
© Sputnik / Aram Nersesyan
Յուրաքանչյուր աշխատանքի մեջ հատուկ սեր ու ջերմություն է դնում նաև նախկին զինվորական Վարդան Վարդանյանը։ ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլում։ Վնասվել էր թոքը, ձեռքը, ողնաշարը։ Խոստովանում է՝ ամենածանր պահին, երբ զգում էր, թե ինչպես է կյանքն իրեն լքում, երբ արդեն հանձնվել էր ու հաշտվել մահվան հետ, կնոջ՝ Անահիտի մասին միտքն ապրելու, պայքարելու ուժ էր տալիս։ Թիթեռների հետ աշխատելիս հենց այդ սիրո մասին է մտածում, ջերմություն, բարի մտքեր դնում յուրաքանչյուր կոմպոզիցիայի մեջ, որ դրանք երջանկություն տանեն այն մարդուն, ում նվիրվելու են։
«Ամեն կոմպոզիցիայի մեջ մեզնից մի մասնիկ ենք պոկում, դնում»։
«Գեղեցկություն զինվորներից» նախագծի մասնակից Վարդան Վարդանյանը
© Sputnik / Aram Nersesyan
Վարդանը պատմում է՝ իր ամենաառաջին աշխատանքը միգուցե իդեալական չէր, բայց այդտեղ իր հոգին դրեց, որ կնոջը նվիրի։ Ասում է՝ եթե առաջին անգամ իրեն մայրը կյանք տվեց, ապա երկրորդ անգամ հաստատ Անահիտն էր։
-Ինքը ինձ ուժ տվեց, ես՝ իրեն։ Փորձությունները մարդու կյանքում հենց այնպես չեն տրվում, մեր դեպքում փորձությունները մեր սերը ստուգելու համար էին։ Պատերազմից հետո մեր հարաբերություններն ավելի ամուր են։ Մեր սերը հիմա ավելի մեծ է,- ասում է Անահիտը։
–Երբ ինչ-որ մեկին մեծ սեր են մաղթում, ասում են չէ՝ « ... մինչև մահը չբաժանի ձեզ»։ Բայց իսկական սիրուն մահն էլ չի հաղթի, մեր դեպքում մահը մեզ չբաժանեց, այդ սերը մահին հաղթեց,- ավելացնում է Վարդանը։
Վարդանն ու նրա կինը` Անահիտը
© Sputnik / Aram Nersesyan
Կյանքի ու մահվան եզրագծում հայտնված, հաղթած տղաների ձեռքերով պատրաստված այս աշխատանքները ոչ միայն գեղեցիկ են։ Դրանք առանձնահատուկ բովանդակություն ու ասելիք ունեն։ Մեկ կամ մի քանի օրերի կյանք ունեցող թիթեռներին այս տղաներըերկրորդկյանքենտալիս, ինչպեսիրենցտվեցին։ Այս աշխատանքներն ապրելու, ուժի ու մեծ սիրո մասին են։