Պեկինի օլիմպիական խաղեր

Կարապետյանը և Սենեկալը հաղթահարեցին օլիմպիական փորձությունը, հանդես կգան նաև ազատ ծրագրում

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի մեդալների համար պայքարը սկսեցին 23 զույգեր, որոնցից միայն 20-ը կշարունակեն պայքարը ազատ ծրագրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ պարային զույգը ռիթմ-պարից (կարճ ծրագիր) հետո իրավունք վաստակեց օլիմպիական խաղերում հանդես գալ ազատ ծրագրում։
Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ զույգը
Հայաստանը պարային զույգերի օլիմպիական մրցաշարում 16 տարի առաջ Թուրինում ներկայացրել էր Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան զույգը, որը ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերում զբաղեցրեց 20-րդ տեղը։
16 տարի անց Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը իրավունք վաստակեցին հանդես գալու օլիմպիական խաղերում։
Մինչ Պեկինի օլիմպիադան, Հայաստանը ներկայացնող այս զույգը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել էր 14-րդ տեղը։
Ռիթմ պարը հայկական զույգի մոտ Արետա Ֆրանկլինի Respect (Հարգանք) և Bridge Over Troubled Water (Կամուրջ վարար ջրի վրայով) երգերի հնչյունների ներքո էր։ Մեր զույգը սահադաշտ դուրս եկավ տասներորդը։
Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ զույգը
Ստանալով 65,87 միավոր` Հայաստանը ներկայացնող զույգն արդեն հանդես եկած տասը զույգերի մեջ զբաղեցրեց վեցերորդ տեղը, ինչը նշանակում է, որ մեր մարզիկներն անցան որակավորումը և հանդես կգան նաև ազատ ծրագրով։
Պարային զույգերում օլիմպիական չեմպիոն և մրցանակակիր զույգերը հայտնի կդառնան փետրվարի 14-ին։
Այդ օրը ազատ ծրագրով հանդես կգան նաև Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։