Թուրքական ԱԹՍ-ներ՝ ադրբեջանական «փաթեթավորմամբ»․ ինչպե՞ս պետք է պայքարի Հայաստանը
Բաքվի և Անկարայի աննախադեպ ռազմաքաղաքական մերձեցումն աստիճանաբար խորանում է, հիմա էլ մեծ դրոնների արտադրության են հիմնել։
SputnikԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ադրբեջանում Akinci անօդաչուների
արտադրություն սկսելու Թուրքիայի պլանները ևս մեկ քայլ կդառնան երկու պետությունների բանակների և ռազմարդյունաբերական համալիրի հետագա սերտաճման ճանապարհին: Ավելի վաղ Ադրբեջանում նման արտադրություն սկսելու մասին հայտարարել էր Baykar ընկերության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահի փեսա Սելջուկ Բայրաքթարը:
Baykar ընկերությունը, ինչպես հայտնի է, արտադրում է Bayraktar TB2 անօդաչուները, որոնք Բաքուն ակտիվորեն օգտագործում էր Արցախում՝ հայկական բանակի դեմ։ Ինչ վերաբերում է Akinci-ին՝ դրա մարտական հնարավորությունները մի քանի անգամ գերազանցում են «Բայրաքթարին»։ Բայց այդ մասին՝ քիչ ուշ։
Խոսքն իհարկե Ադրբեջանում այդ հարվածային-հետախուզական դրոնների արտադրության լիարժեք տեղայնացման մասին չէ։ Թուրքիան ինքն էլ է ներմուծում այդ մեքենաների շատ բաղադրիչներ, դետալների հիմնական մատակարարները ՆԱՏՕ-ի երկրներն են։ Իսկ շարժիչները թուրքերը գնում են Ուկրաինայից։ Լավագույն դեպքում Ադրբեջանի տարածքում կարող է գործարկվել մարտական դրոնների մասնակի հավաքման աշխատանքը։
Սրանից ելնելով` այս պատմության մեջ ամենից շատ պետք է դիտարկել ռազմաքաղաքական գործոնը։ Վերջին մի քանի տարիները նշանավորվեցին Անկարայի և Բաքվի աննախադեպ մերձեցմամբ, այդ մտերմությունն ակնառու դրսևորվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թուրք հրահանգիչները փաստացի համակարգում էին Ադրբեջանի ԶՈւ գործողությունները՝ ընդհուպ մինչև գումարտակային մակարդակ:
Ցավոք, նաև հայերի օգնությամբ («Բայրաքթարների» շուրջ տեղեկատվական աղմուկը մեծ էր), թուրքական «Բայրաքթարներն» իրենց համար լավ մարքեթինգ ապահովեցին 2020 թ․-ի պատերազմում։ Այս տեսանկյունից Ադրբեջանում Akinci-ի հավաքման գաղափարն այժմ բավականին գայթակղիչ է թվում, քանի որ նոր մակարդակի է հանում երկու երկրների կոոպերացիան։
Ինչպես նշվեց վերևում՝ «Բայրաքթարների» համեմատ այս նոր անօդաչուները շատ ավելի վտանգավոր հակառակորդներ են։ Դրանք զինված են զանազան տիպի ռումբերով և կառավարվող գերճշգրիտ հրթիռներով։ Դրանց շարքում աչքի են ընկնում թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռները, որոնց խոցման հեռահարությունը, ըստ բաց աղբյուրների տեղեկությունների, ավելի քան 200 կիլոմետր է։
ԱԹՍ-ի համար դա շատ մեծ թիվ է։ Ադրբեջանը, ըստ էության, կարող է ստանալ թռչող սարք, որը հեռահարությամբ օպերատիվ-մարտավարական հրթիռների հետ համադրելի սպառազինություն կարող է կրել։ Այո, թուրքական զինամթերքի հզորությունը համեմատելի չէ Lora ՕՄՀՀ-ի հրթիռների կամ «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ների հետ, սակայն այն նախընտրելի է գնի առումով, ինչը թույլ կտա հավանական հակամարտության դեպքում զանգվածաբար կիրառել դրանք։ Այդ դրոնների և դրանց զինամթերքի դեմ միայն ցամաքային ՀՕՊ-ի ուժերով պայքարելն անիմաստ է։
Ռազմական վերլուծաբան Նարեկ Ներսիսյանի կարծիքով՝ հակառակորդի կողմից անօդաչու ավիացիայի շարունակական ընդլայնումը Հայաստանին մտահոգվելու տեղիք պիտի տա։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա հայտարարեց, որ անհրաժեշտ է արմատապես վերանայել առաջին հերթին ռազմարդյունաբերական դոկտրինը, փոխել ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերը։ Պետք է նաև պաշտպանության նախարարությունից վերցնել ռազմական գնումների ոլորտն ու վերածել առանձին գործող բլոկի։ Ընդ որում՝ այդ ամենն անել շատ սեղմ ժամկետներում։
«Սակայն ի՞նչ բարեփոխումների մասին կարող է խոսք լինել, եթե մենք մինչև օրս նույնիսկ ռազմաարդյունաբերական կոմիտեի ղեկավար չունենք (այս մարմինը գործում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմում՝ խմբ․)։ Այո, պաշտոնակատար կա, սակայն նա պետք է տեղակալներ ունենա, որոնք չկան, ինչպես և չկա առհասարակ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման հայեցակարգ»,-ասում է Ներսիսյանը։
Նրա համար անհասկանալի է նաև, թե որքանով են մրցունակ անօդաչու թռչող սարքերի այն նմուշները, որոնք այժմ արտադրվում են Հայաստանում, և որոնց մասին վերջերս խոսել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
Վերջինս, ի դեպ, մոտ ժամանակներս կարող է երկրի նախագահ դառնալ, նրա թեկնածությունն ավելի վաղ առաջարկել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Թե ով կփոխարինի նրան, առայժմ հայտնի չէ, իսկ դա նշանակում է, որ տեսականորեն կարելի է ենթադրել, որ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտը կշարունակի դեռ որոշ ժամանակ «ցնցումների մեջ» լինել։
«Պետք է դրական գնահատել այն, ինչ անում են հայ ինժեներներն ու արդյունաբերողները։ Բայց կարևոր է հասկանալ, թե որքանով են նրանք ի վիճակի մրցակցել հակառակորդի հետ։ Ադրբեջանը թուրքական արտադրության արդյունավետ նավիգացիոն համակարգեր է գնում։ Այս ամենին հիմա ավելանում է նաև Akinci-ի արտադրությունն Ադրբեջանի տարածքում։ Դրանք բազմաֆունկցիոնալ, ծանր հարվածային ԱԹՍ-ներ են՝ գործողության մեծ շառավղով։ Ինչո՞վ ենք մենք դրան հակադարձելու։ Պետք է մտածել այդ մասին»,-կարծում է մեր զրուցակիցը։
Նման մեքենաների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը, թերևս, կանխարգելիչ հարվածն է կառավարման և տեղակայման կետերին, առաջին հերթին՝ օդաչուավոր ավիացիայի ուժերով: Եվ այստեղ, ըստ Ներսիսյանի, կրկին արդիական է դառնում Հայաստանում կործանիչ ավիացիայի զարգացումը և հայտնի Սու-30ՍՄ-ների մատակարարումների շարունակումը: Փորձագետի համար անհասկանալի է, թե ինչու է ինքնաթիռների գնման գործընթացը կանգ առել չորս մեքենայի մատակարարումից հետո:
Ինչպես հայտնի է, Սու-30ՍՄ-ի վերաբերյալ գործարքի ամենասկզբում Հայաստանը նախատեսում էր Ռուսաստանից 12 ինքնաթիռ գնել։ Առաջին «քառյակը» ժամանեց 2019 թվականի վերջին, ապա սկսվեց 44-օրյա պատերազմը, ինչից հետո հանրության շրջանում վեճեր սկսվեցին դրանց օգտակարության մասին։ Այդ ժամանակվանից ի վեր հետագա գնման հարցը օդում կախված է մնացել։
«Գուցե մեր իշխանությունները սկսել են կասկածել Սու-30ՍՄ-ի արդյունավետության հարցում, չգիտեմ։ Բայց ես կարծում եմ, որ դրանք մեզ պետք են։ Ավելին՝ հեռանկարում մենք պետք է մտածենք նաև ավելի թեթև կործանիչներ գնելու մասին»,-նշեց նա։
Ներսիսյանը հիշեցրեց, որ նույն Ադրբեջանը, օրինակ, ցանկանում է ներդրում ունենալ հարևան Վրաստանի տարածքում Սու-25 գրոհիչների արդիականացման նախագծերում: Այսինքն՝ կարելի է նկատել, որ հակառակորդն անօդաչու ավիացիայի զարգացմանը զուգահեռ չի մոռանում նաև օդաչուավոր ավիացիայի մասին։