Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին. նա Ռայիսիին հրավիրել է ՀՀ

ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հյուսված հայ-իրանական ջերմ հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ կարևորություն ունի փոխադարձ վստահության և ջերմության մթնոլորտում թրծված հարաբերությունների անխաթար ընթացքը հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,– Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասել է Փաշինյանը։

Նա ուրախությամբ փաստել է, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքն արձանագրել է զարգացման անշեղ ուղի։
«Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա ամուր հյուսված հայ-իրանական ջերմ և բարիդրացիական հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության»,–ասված է վարչապետի ուղերձում։
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ուղղված ուղերձում ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձր են գնահատում բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների բնականոն զարգացումը։
«Կարևորելով ՀՀ և ԻԻՀ նպատակաուղղվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ վերահաստատում եմ Հայաստան այց կատարելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը»,–ասել է Փաշինյանը:
Հայաստանն ու Իրանը պետք է ունենան համատեղ անվտանգության համակարգ. Վարդան Ոսկանյան
ՀՀ վարչապետը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական բարձր մակարդակի միջպետական հարաբերություններն ավելի կխորանան, և մեր համագործակցության բազմատարր օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։