Կալիֆոռնիայի և Սյունիքի միջև հաստատվել են «քույր-նահանգային» հարաբերություններ

Այս բանաձևը կարող դրական ազդեցություն ունենալՍյունիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ու տարածքային համաչափ զարգացման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Կալիֆոռնիայի նահանգային սենատը փետրվարի 10-ին ընդունել է բանաձև, որով Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև հաստատվում են նահանգային-մարզային համագործակցության հարաբերություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը, նշելով, որ բանաձևն ընդունվել է Հայ դատի ԱՄՆ արևմտյան ափի հանձնախմբի ջանքերով։
Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի 62 անդամ հանդես են եկել որպես հիշյալ բանաձևի համահեղինակ։

«Ընդունված բանաձևով Կալիֆոռնիան համերաշխություն է հայտնում ՀՀ Սյունիքի մարզին, դրանով նաև ենթադրվում է իրականացնել երկուստեք փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շեշտվում է, որ Սյունիքի շուրջ ներկայում ստեղծված տարածաշրջանային լարված իրավիճակի պարագայում Կալիֆոռնիայի նահանգային Սենատի այս որոշումը կարևոր ազդակ է ինչպես Սյունիքի ժողովրդին, այնպես էլ միջազգային հանրությանը և ուղղակիորեն պայմանավորված է Սյունիքի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի սպառնալիքներով։
Երևանի տոնին մասնակցում են քույր քաղաքների ներկայացուցիչները
«Այս որոշումը մեկ անգամ ևս ցուցում է այն վտանգներն ու սպառնալիքները, որոնց առջև կանգնած է Սյունիքի ժողովուրդը»,–հայտնում են հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Կալիֆոռնիայի նման տնտեսապես զարգացած նահանգի և Սյունիքի միջև հարաբերությունների հաստատումը և հետագա նպատակադրված աշխատանքը կարող է էական ազդեցություն ունենալ նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ու տարածքային համաչափ զարգացման վրա։