Գեղարքունիքի մարզում երկու «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ են բացվել

Այժմ գործում է 621 «Արմաթ» լաբորատորիա Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվել և բացվել են «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ, տեղեկանում ենք «Արմաթի» ֆեյսբուքյան էջից։
«Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի ներկայացմամբ՝ աշակերտները ճարտարագիտական լաբորատորիաներում կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն։
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը բացման արարողության ժամանակ հայտնել է, որ այսօր Հայաստանի 620 դպրոցներում տեղադրված են նման ճարտարագիտական լաբորատորիաներ, ինչը մեծ ձեռքբերում է։
Կորոնավիրուսից ու պատերազմից հետո Հայաստանում ու Արցախում 52 «Արմաթ» լաբորատորիա է հիմնվել
«Անելու ենք հնարավորը, որպեսզի ճարտարագիտական լաբորատորիաներում կրթվելու և աշխատելու հնարավորություն ունենան Հայաստանի բոլոր բնակավայրերում։ Մեր քանդված գործարանները պիտի վերականգնվեն, ինդուստրիալ հզոր Հայաստանը պիտի վերադառնա, այլապես մենք չենք կարողանա կանխել արտագաղթը»,-ասել է Չոբանյանը։
Հավելենք, որ Ճամբարակի և Գեղամասարի լաբորատորիայի բացմամբ՝ այժմ գործում է 621 «Արմաթ» լաբորատորիա Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում, որտեղ շուրջ 16 000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։