ՌԱԴԻՈ

Արդյոք մեր տնտեսվարողները կդիմանան մրցակցությանը թուրքական սահմանի բացման դեպքում

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես կազդի ՀՀ տնտեսության վրա հայ–թուրքական սահմանի բացումը։
Sputnik
ՀՀ կառավարությունը բարի կամք դրսևորեց և ինչպես մտցրել էր, այնպես էլ միակողմանի հանեց թուրքական ապրանքների էմբարգոն, բայց Թուրքիայի կառավարությունը չի հանել դեռ 1993 թվականի մայիսին Հայաստանի նկատմամբ սահմանած արգելքը։ Կողմերը տնտեսական արգելքներն ու սահմանափակումները պետք է երկուստեք չեղարկեն, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
Տրիկոտաժի արտահանումն աճում է. ՀՀ–ն պետք է սահմանափակի թուրքական արտադրանքի ներմուծումը
«Արցախյան 44–օրյա պատերազմից հետո Թուրքիայի նկատմամբ մեր կառավարության էմբարգոն դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսական վիճակի, մասնավորապես՝ արդյունաբերության որոշ ճյուղերի զարգացման և արտահանման ծավալների մեծացման վրա։
Մեկ տարվա ընթացքում, երբ թուրքական ապրանքները Հայաստան չեն ներկրվել, հայ տնտեսվարողները հասցրել են հատկապես վերամշակող արդյունաբերության որոշ ճյուղերում արագ ներդրումների հաշվին ստանալ արտոնություններ և այսօր, օրինակ, տնտեսական ու մթերային խանութներում կարելի է տեսնել տեղական արտադրանք, որի մի մասն էլ արտահանվել է ԵԱՏՄ–ի ուղղությամբ, ինչը բավականին բարելավել է մեր տնտեսվարողների դիրքերը»,– նշեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը։
Սաֆարյանի դիտարկմամբ` հայկական ապրանքների գները շատ մատչելի են, և պատահական չէ, որ 2016-19 թվականներին մենք ունեցել ենք արտահանման երկնիշ աճ, ինչն ահռելի ցուցանիշ է, շատ լուրջ հաջողություն և դա խոսում է այն մասին, որ ԵԱՏՄ շուկան, գլխավորապես ռուսաստանյան շուկան, մեծ տեղ և պոտենցիալ ունի մեր արտահանման ծավալները մեծացնելու համար։
Ըստ այդմ`Սաֆարյանին հետաքրրքում է այն հարցը, թե թուրքական էմբարգոն հանելու դեպքում, երբ թուրքական ապրանքները մտնեն Հայաստան ու այստեղից էլ հասնեն ԵԱՏՄ շուկաներ, արդյոք մեր արտադրողները կդիմանան մրցակցությանը։
Տնտեսագետների կարծիքով` իրավիճակը պարզ կդառնա երկու տարի անց, երբ պարզ կդառնա՝ արդյոք տեղի արտադրողները կարողացան առավելագույն չափով օգտվել 2021 թվականին տրված հնարավորությունից։
Պարզ կդառնա նաև` պե՞տք է արդյոք, որ ՀՀ կառավարությունը որոշ ֆիտոսանիտարական, մաքսային և այլ կարգի ճշտումներ մտցնի Թուրքիայի հետ առևտրի հարցում, որի նպատակը կլինի ցածրորակ ապրանքների ներկրման առջև պատնեշ դնելը, ինչը թույլ կտա պաշտպանել հայ տնտեսվարողների արտադրանքը թուրքական նմանատիպ ապրանքներից։
2 տարվա մեջ առաջին անգամ թուրքական ինքնաթիռը Ստամբուլից մեկնել է Երևան. տեսանյութ
Նշենք, որ երևանցիների 54.6 տոկոսը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այդ մասին հայտնել է «GALLUP International»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Երևանում իրականացված հետազոտության արդյունքները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, 1993 թվականից սահմանը փակ է Անկարայի նախաձեռնությամբ։