ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներում ադրբեջանական զինուժի կողմից բնակելի տների առավոտյան գնդակոծության հետևանքները (11 փետրվարի, 2022թ). Արցախ
© Photo : Facebook / Гегам Степанян
Նրա խոսքով`ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։
«Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր Շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը»,–գրել է Ստեփանյանը:
Նա շեշտել է, որ կատարվածը վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական պարբերական ակտիվացած գործողությունների հերթական դրսևորումն էր:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը նորից փաստում է, որ ադրբեջանցի զինծառայողների հայատյաց ու ահաբեկչական գործողությունները ուղիղ և անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի համար:
Պաշտպանը ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակելու է Արցախի ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները: