ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը Հայաստանից պաշտոնապես ներողություն է խնդրել «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Նշենք, որ սոցիալական ցանցում աղմուկ էր բարձրացել վրացական հեռուստաընկերության եթերում հայտնված լուսանկարի պատճառով։ Մասնավորապես մածունի արտահանման արգելքի մասին հեռուստաընկերության տեսանյութում հաղորդավարների հետին պլանում ապակյա տարաների վրա հայերեն տառերով գրված է եղել «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։
«Իմեդի» հեռուստաընկերության «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ժամանակ սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարը
© Photo : Imedi TV
«Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար»,- նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունում:
Դեսպանությունը նաև հրապարակել է «Իմեդի» հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը:
««Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար: «Քրոնիկոնի» 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին»,–նշված է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։
Հեռուստաընկերությունը պարզաբանում է, որ դա եղել է տեխնիկական սխալ և ափսոսանք է հայտնում` ներողություն հայցելով թույլ տված սխալի համար։
Շեշտվում է, որ սյուժեի այդ հատվածը կհեռացվի հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից:
Հիշեցնենք` հայկական արտադրության մածունը` «մածուն» գրությամբ, չի կարող արտահանվել Վրաստան կամ այդ տարածքով Ռուսաստանի Դաշնություն, քանի որ այդ երկիրը որպես աշխարհագրական նշում է ձևակերպել «մացոնի»–ն։