Սահմանազատման հարցում երբեք նախապայմաններ չենք առաջարկել. Գրիգորյանի պատասխանը Բայրամովին

Հայաստանի ԱԽ քարտուղարը նշում է, որ սահմանազատման հարցում մեկ այլ կարևորագույն հանգամանք` երբ ՀՀ–ի և Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել դրա վրա և սրացումներ լինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Սահմանազատման և սահմանագծման հարցում Հայաստանը երբեք նախապայմաններ առաջ չի քաշել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է սկսել սահմանազատման գործընթացն առանց նախապայմանների և իբր թե ՀՀ–ն նոր նախապայմաններ է առաջ քաշում։

«Հայաստանը պարզապես պահանջել է, որպեսզի բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում, պետք է ի կատար ածվեն։ Այդ հայտարարության մեջ նշված է, որ նախ պետք է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, որից հետո սկսել սահմանազատման գործընթացը։ Հայաստանը ցանկանում է, որ այդ պայմանավորվածությունն իրագործվի»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` կա մեկ այլ կարևորագույն հանգամանք. երբ ՀՀ–ի և Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ կանգնած են իրար, ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել դրա վրա և սրացումներ լինեն։
Փաշինյանի հայտարարությունը նշանակում է` պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները. Աբրահամյան
Գրիգորյանը հիշեցրեց, որ հայկական կողմն առաջարկել է, որպեսզի զորքերը հայելային կերպով հետ քաշվեն, այդտեղ սահմանապահներ տեղակայվեն` սահմանազատման գործընթացը հանգիստ անցնելու համար։ ԱԽ քարտուղարը շեշտեց` այստեղ չի կարող նախապայմանի որևէ ընկալում լինել։