ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը զգուշացրել է ընկերության անունից ֆիշինգի դեպքերի մասին:
«Ուշադիր եղեք, ֆիշինգ են անում»,- գրել է Կարապետյանը Facebook-ի իր էջում:
Գրառմանը կից գործադիր տնօրենը հրապարակել է այդպիսի կեղծ հաղորդագրության մի օրինակ, որի վրա գրված է, թե « Հայփոստը» չի կարող փաթեթն առաքել «չվճարված տուրքերի» պատճառով։
Կարապետյանը հավելել է, որ նման ֆիշինգին նախապես պատրաստ լինել հնարավոր չէ, բայց պետք է ուշադիր լինել այն հասցեին, որտեղից եկել է հաղորդագրությունը:
Ֆիշինգը (Phishing) ինտերնետ խաբեության մի տեսակ է, որով փորձում են ձեռք բերել անձնական տվյալներ, ինչպիսիք են բանկային հաշիվների համարները, անձնական էջերի ու էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը։ Կիբերհանցագործն իրեն ներկայացնում է որպես օրինական բիզնես ունեցող անձ։
Ըստ 2020 թվականի Proofpoint-ի կատարած ուսումնասիրության՝ կազմակերպությունների 90% -ը 2019 թվականին ենթարկվել է ֆիշինգի, որի 94% -ը կատարվում է էլեկտրոնային փոստի միջոցով։