Հայաստանում ավելի քան 5000 մարդ փոխել են իրենց անունները. վիճակագրություն

ՀՀ անձնագիր
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի Հայաստանում ծնվել է 19064 տղա և 17521 աղջիկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանում ավելի քան 5 հազար մարդ վերջին 5 տարվա ընթացքում փոխել են իրենց անունները։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

«Հայաստանի 5258 քաղաքացի 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը փոխել են իրենց անունները», - տեղեկացնում են գերատեսչությունից:

Փոխված անունների (առանց քաղաքացիների անձնական տվյալների) ցանկը տրամադրելու խնդրանքին ի պատասխան գերատեսչությունից հայտնել են, որ նման վիճակագրություն չեն վարում:
Միաժամանակ Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականին ամենատարածված անունների ցանկը։ Հայաստանում ամենից հաճախ աղջիկներին անվանել են Նարե (750), Մարիա (635), Արփի (543), Մանե (489), Անգելինա (443)։ «Պահանջարկ չունեցող» անուններն են Աստղիկը (81), Նարինեն (84), Սոֆյան (84):
Իսկ ահա տղաներին ավելի հաճախ անվանել են Դավիթ (1275), Նարեկ (864), Մոնթե (646), Տիգրան (580) և Արեգ (559)։ 2021 թվականին ծնվածներից ընդամենը 68-ի ծննդյան վկայականում է հայտնվել Մանվել անունը, 75-ին անվանել են Հենրի, 74-ին` Մենուա։
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների` նախորդ տարի Հայաստանում ծնվել է 19064 տղա և 17521 աղջիկ։