ԵՄ–ն պատասխանել է Լավրովի նամակին

Սերգեյ Լավրորվի և Ժոզեպ Բորելի հանդիպումը. Արխիվային լուսանկար
ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Եվրամիության երկրների անունից պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ եվրոպական անվտանգության հարցերով նամակին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Եվրամիության երկրների անվտանգության երաշխիքների վերաբերյալ նամակի պատասխանը պատրաստվել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համակարգմամբ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ Եվրամիության բոլոր երկրների անունից պատասխանել է Ռուսաստանի ԱԳ նախարարի նամակին: Նա հերթական անգամ հավելել է, որ ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում գնալ ապաէսկալացիայի Ուկրաինայի սահմանների մոտ, ինչպես նաև Բելառուսում և դադարեցնել զորքերի կուտակումը:

«ՆԱՏՕ-ի հետ համակարգմամբ Եվրոպական անվտանգության վերաբերյալ ռուսական նամակին ԵՄ–ի պատասխանը եղել է վճռական և միասնական։ Մենք շարունակում ենք ամուր պահպանել եվրոպական անվտանգության համակարգը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա: Մեր պայմանավորվածի իրագործումը Եվրոպան կդարձնի ավելի անվտանգ»,– գրել է Լինդեն։

Միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հստակեցրել է, որ Բորելի պատասխանը ԵՄ երկրների ընդհանուր դիրքորոշումն է ռուս նախարարի բարձրացրած հարցերի վերաբերյալ:
ՌԴ ԱԳ նախարարը հունվարի 26–ին ուղերձ է հղել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրներում, Շվեյցարիայում իր գործընկերներին. ընդհանուր առմամբ 37 հասցեատեր է եղել: Դրանցում խնդրագիր է պարունակվում` բացատրել, թե ինչպես են այդ պետությունները մտադիր գործնականում կատարել ԵԱՀԿ շրջանակներում բարձր մակարդակով ստանձնած պարտավորությունները` անվտանգության անբաժանելիության, իրենց անվտանգության անշեղացման վերաբերյալ։
Կիևը և արևմտյան պետությունները վերջին ժամանակներս մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից իբր ագրեսիվ գործողությունների ուժեղացման առթիվ: Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար:
Ստոլտենբերգը նամակ է ուղարկել Լավրովին