Բակերում էլեկտրոնային արգելափակոցները պատուհաս են դարձել շտապօգնության և ԱԻՆ-ի գլխին. բակ մտնելու համար ստիպված են երկար սպասել և կորցնում են թանկագին ժամանակը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը։
«Դեռ օրենքով կարգավորված չէ, թե ովքեր որտեղ պետք է տեղադրեն բակային արգելափակոցներ։ Դրանք ոչ թե պետք է ընդհանրապես հանվեն կամ արգելվեն, այլ անհրաժեշտ է որոշակի լուծում գտնել, որովհետև հարցը երկու կողմ ունի։ Կան բակեր, որտեղ արգելափակոցը նույնիսկ անհրաժեշտություն է, հատկապես մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նեղ բակերում, որտեղ կայանելու հետ կապված առաջանում են խնդիրներ, և բակի հետ կապ չունեցող վարորդներն իրենց մեքենաները թողնում են այդտեղ` հարուցելով լրացուցիչ խոչընդոտներ»,– ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը։
Սարգսյանի խոսքով` եթե նեղ բակ ունեցող շենքերում լինում են նաև խանութներ, ապա օրվա ընթացքում հաճախակի գալիս են մատակարարները, և այդ հատվածները գրեթե միշտ փակ են լինում, հետևաբար բնակիչները փորձում են լուծում գտնել։ Այդուհանդերձ ավագանու անդամը պնդում է, որ բակային արգելափակոցների խնդիրը պետք է կարգավորվի օրենքով` եթե կա անհրաժեշտություն, արգելափակոցները պետք է տեղակայվեն, հակառակ դեպքում պետք է ինքնակամ մոտեցումներն արգելվեն։
«Կարելի է օրինակ այսպիսի լուծում տալ խնդիրին։ Քանի որ էլեկտրոնային արգելափակոցները բացվում են հեռախոսահամարի զանգով, ապա կարելի է մեկ ընդհանուր համար ունենալ, որը կտրամադրվի շտապօգնության և ԱԻՆ ծառայություններին։ Երևանի քաղաքապետն արդեն մեխանիզմների ուսումնասիրության հանձնարարականը տվել է»,– ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը։
Ըստ Սարգսյանի` ինչպիսի լուծում էլ գտնվի, առաջնահերթությունը պետք է լինի այն, որ բակերը բաց լինեն շտապ և անհետաձգելի ծառայություններ մատուցող մեքենաների համար։
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը թաղապետարանների ղեկավարներին հանձնարարել է առնվազն տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել և քայլեր ձեռնարկել բակային արգելափակոցների վերաբերյալ այնպիսի համակարգ ներդնելու ուղղությամբ, որը հասանելի կլինի շտապօգնության և ԱԻՆ կառույցներին: