Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներին. Ամիրխանյանը նվագել է ու երգել

Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ներկաների խնդրանքով կատարել է իր հանրահայտ ստեղծագործություններից մի քանիսը։
Sputnik
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմը։
Հանդիսավոր ընդունելությանը քննարկվել են մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին առնչվող հարցեր։ Հայ մշակույթի վետերանները կարևորել են արվեստի հանդեպ պետական հոգածությունը և համաշխարհային տարբեր հարթակներում հայ մշակույթը լավագույնս ներկայացնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը ներկաների խնդրանքով կատարել է իր հանրահայտ ստեղծագործությունները։