Պատվաստված քաղաքացին վտանգավոր է 7 օր, չպատվաստվածը` 10. նախարար

Անահիտ Ավանեսյան
ՀՀ–ում կիրառվող պատվաստանյութերը հաստատած են ԱՀԿ–ի կողմից և գրանցված են արտադրության երկրի կարգավորող մարմնի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված անձանց մեկուսացման ժամկետը 14 օրից 7-10 օր նվազեցնելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատվաստված քաղաքացիները շրջապատի համար վտանգ են ներկայացնում 7 օր, չպատվաստվածները` 10։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի հարցին։
«Սա ուղղված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելու, մյուս կողմից` պաշտպանելու այլոց` վարակման ռիսկից»,– ասաց նա։
Կորոնավիրուսի քանի՞ դեպք է գրանցվել Հայաստանի դպրոցներում
Անդրադառնալով ՀՀ–ում կիրառվող պատվաստանյութերի անվտանգության հարցին` նախարարը հայտարարեց, որ մեր երկիր են ներմուծվում միայն ԱՀԿ–ի կողմից հաստատած, արտադրության երկրի կարգավորող մարմնի կողմից գրանցում ստացած պատվաստանյութերը։
Վերջին 14 օրում 3-5 տարեկանների շրջանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 7.3 անգամ
«Այս բոլոր պատվաստանյութերն անցել են 3 աստիճանի փորձաքննություն, ու հաստատվել է դրանց անվտանգությունը, որակն ու արդյունավետությունը»,– ասաց նա։
Հիշեցնենք` հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրկնակի նվազեցվել է։ Նախկին 14 օրվա փոխարեն այժմ ՀՀ ժամանողները կորոնավիրուսի հաստատման դեպքում կմեկուսանան 7 օր, եթե պատվաստված են, և 10 օրով, եթե պատվաստված չեն։
Ընդ որում, 10-օրյա ժամկետը ևս կարող է կրճատվել մինչև 7 օր, եթե վարակված անձն իր նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտություն անցնի, ու արդյունքը լինի բացասական։