ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ նախագահի` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այսօր ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ ղեկավար Ռաուն մեկնելու է Մոսկվա և փետրվարի 15-ին հանդիպելու է Լավրովին։
«Քննարկվելու է ԵԱՀԿ-ի դերը Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում ու Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում ու ԵԱՀԿ–ի մասնակցությունը Անդրկովկասում անվտանգության ու կայունության ժնևյան քննարկումներին», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ բանակցությունների օրակարգում ԵԱՀԿ գործունեության հարցերի լայն շրջանակն է, կազմակերպության 2022 թվականի աշխատանքային ծրագիրը: Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՀԿ արդյունավետության բարձրացման, կազմակերպության անդամ պետությունների միջև վստահության հաստատման, փոխզիջումների որոնման օգտին: Ռուսական կողմի համար կարևոր է, որ ԵԱՀԿ երկրները նույնկերպ հասկանան կազմակերպության գագաթաժողովների, 1999 թվականի եվրոպական անվտանգության խարտիայի ու 2010 թվականի Աստանայի հռչակագրի փաստաթղթերում ամրագրված` անվտանգության անբաժանելիության սկզբունքը ու պատշաճ կերպով կատարեն իրենց պարտավորությունները՝ այլ պետությունների անվտանգության հաշվին սեփական անվտանգությունը չամրապնդելու վերաբերյալ: