Հայ–իրանական հարաբերությունները պետք է հասցնել ավելի բարձր մակարդակի. հայազգի պատգամավոր

Ռոբերտ Բեգլարյան
Իրանահայ պատգամավորը կարծում է, որ կոնկրետ քայլեր ձեռնարկելու ու մեխանիզմներ մշակելու ժամանակն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայ-իրանական հարաբերությունները հարկավոր է բարի դրացիական մշակութայինից փոխադրել ավելի բարձր` տնտեսական–անվտանգային մակարդակ։ Այսօր Երևանում Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում նման տեսակետ հայտնեց Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:

«44-օրյա պատերազմից հետո առաջացած աշխարհաքաղաքական փոփոխությունները, այն հարափոփոխ իրավիճակը, որն ապրում է մեր տարածաշրջանը, և Միջին Արևելքի ու Կովկասի քաղաքական հարցերի այն շաղկապվածությունը, որին ականատես ենք լինում, համոզմունք է ներշնչում, որ, իրոք, պետք է նոր թափ ստանան Հայաստանի ու Իրանի քաղաքական, անվտանգային ու տնտեսական հարաբերությունները»,– ասաց նա։

Իրանահայ պատգամավորը նշեց, որ ժամանակն է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու ու մեխանիզմներ մշակելու։
Ռոբերտ Բեգլարյան
Հիշեցնենք` 2022թ–ի փետրվարի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Աբդոլլահիանն ընդգծել էր, որ Իրանը պատրաստ է ամրապնդել Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ անկախությունը ճանաչել է 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թ.–ի փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրված հռչակագրով։