Պորոշենկոն պատասխանել է Պուտինի` իրեն ապաստան տալու առաջարկին

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն վերաքննիչ դատարանի շենքի մոտ իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ (28 հունվարի, 2022թ): Կիև. Արխիվային լուսանկար
Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հայտարարել էր, որ Պորոշենկոյին քաղաքական ապաստան է առաջարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախկին նախագահ, Գերագույն ռադայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն պատասխանել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի` մարդասիրական նկատառումներից ելնելով իրեն ապաստան տալու մասին առաջարկին` ասելով, որ Ուկրաինայում «ինքնուրույն գլուխ կհանեն»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պորոշենկոն կարծում է, որ իր հանդեպ քրեական հետապնդում իրականացնելով` Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին «Պուտինին նվեր է անում»։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Պորոշենկոն Ուկրաինայի առաջնորդին հորդորել է ջանքերն ուղղել երկրի պաշտպանությանը։

«Իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչին կոչ եմ անում վերջապես ընդունել, որ մենք ինքնուրույն այստեղ` Ուկրաինայում, գլուխ կհանենք։ Եվ ուկրաինական քաղաքականության և քաղաքական գործիչների մասին մշտապես «հոգ տանելու» ռուսական պրակտիկան վաղուց ավարտվել է` դեռ այն ժամանակից, երբ ես Ուկրաինայի նախագահ ընտրվեցի», – գրել է Պորոշենկոն։

Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ Պորոշենկոյին քաղաքական ապաստան է առաջարկել և պատրաստ է անել դա նաև հիմա «ոչ թե այն պատճառով, որ նրա վարած քաղաքականությունը շատ հավանել կամ հավանում, այլ մարդասիրական նկատառումներից ելնելով»։
Պուտինի և Մակրոնի հանդիպման արդյունքները. գլխավորի մասին
Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կասկածվում է պետական դավաճանության և ահաբեկչությանն աջակցելու մեջ Դոնբասից ածխի մատակարարման գործի շրջանակում, նրան մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։