Նախաձեռնողը հայկական կողմն է. Չավուշօղլուն` նախատեսված հանդիպման մասին

Մևլութ Չավուշօղլու
Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը և ասել, թե ինչու է որոշվել հատկապես Վիեննայում հանդիպել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման նախաձեռնողը հայկական կողմն է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նրանք առաջարկել են հանդիպել կա՛մ Ավստրիայում, կա՛մ Շվեյցարիայում։ 2009 թվականին արդեն անհաջող բանակցություններ են եղել Ժնևում, ուստի որոշվել է Վիեննայում հանդիպել»,– ասել է Չավուշօղլուն։

Նա նաև հիշեցրել է Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու հրավերը։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` հայկական կողմը դեռ չի հաստատել համաժողովին մասնակցելու հարցը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։