Ի՞նչը խանգարեց Կատյա Գալստյանին. հայ դահուկորդի բացառիկ հարցազրույցը

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից, հայ դահուկորդ Կատյա Գալստյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում խոսել է արագավազքում իր անհաջողության ու 2 օրից մեկնարկող 10 կմ-անոց դասական ոճի մրցման մասին։
Sputnik
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից հայ դահուկորդ Կատյա Գալստյանն այսօր արագավազքում (սպրինտ) գրավեց 80–րդ տեղը 91 մասնակիցների շարքում։ Չինաստանում գտնվող Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողին տված հարցազրույցում մարզիկն ասում է, որ իրեն շատ է խանգարել տեղանքի ձյան չորությունը։

«Ամեն անգամ էլ այստեղ ելույթ եմ ունեցել, իրենից դժվարություն չէր ներկայացնում, բայց ձյան չորությունն իրենն ասեց։ Բոլոր մարզիկներն էլ բողոքում են ձյան չորությունից` ասելով, որ այս տարածքի ձյունը մնացած մասերից ավելի չոր է, շնչառության վրա միանգամից ազդում է»,–նշում է նա։

Գալստյանն իր արդյունքը բավարար է գնահատում, ասում է` գոհացնող չէ, բայց բավարար է։
Հիմա ավելի շատ հայ մարզիկը պատրաստվում է 10 կմ–անոց դասական ոճում հանդես գալուն` այդ տարածությունը լավ ներկայացնելու համար։
Ինչպես արդեն հայտնել ենք, Պեկինի օլիմպիական խաղերում այսօր պայքարի դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ դահուկավազորդ Կատյա Գալստյանը և, արագավազքում (սպրինտ) գրանցելով 4:00.48 արդյունքը, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը: