Գերիները պահվում են քաղաքական շահերի համար՝ առևտրի նպատակով. Թաթոյանը` Գալագերին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ (8 փետրվարի, 2022թ). Երևան
Դեսպան Ջոն Գալագերը բարձր է գնահատել Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջը։
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների, կալանքների չարաշահման դրսևորումների հետ և այլն: Անդրադարձ է կատարվել նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը։
Հանդիպման ժամանակ կարևորվել է լրագրողների դերը խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի բացառման հարցերում:

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը, ինչպես նաև այն, որ մարդիկ պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով:

Թաթոյանը կրկին շեշտել է անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտությունը։
Արման Թաթոյանը նաև կարևորել է Մեծ Բրիտանիայի դերը մարդու իրավունքների պահպանման ոլորտում, ինչպես նաև համագործակցությունն այդ երկրի մարդու իրավունքների հաստատությունների հետ:
Դեսպան Ջոն Գալագերն էլ իր հերթին բարձր է գնահատել Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչպես նաև հայտնել հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն:
Նշենք, որ երեկ Թաթոյանը հանդիպել էր նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: