ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում պարզելու դահուկ վարած 11-ամյա պատանու մահվան հանգամանքները:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Ծաղկաձորում 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել է և մահացել:
«Փետրվարի 5-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում դահուկներով սահելիս, 11-ամյա պատանին կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց, բախվել արգելապատնեշի սյանը և գիտակցության չգալով՝ մահացել»,-նշված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
ԶԼՄ-ներում նշվում էր, որ տղան ազգությամբ հայ էր, սակայն ապրում էր Գերմանիայում, բարեկամը հրավիրել էր Հայաստան, տղան եկել էր հանգստանալու: Մի քանի օր դահուկավարի հետ սովորել է վարել, իսկ այդ օրը մենակ է եղել։