ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հայտնեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում ևս երկու երթուղի կշահագործվի «Zhong Tong» մակնիշի ավտոբուսներով։
«Արդեն ավարտել ենք վարորդների հավաքագրման փուլը։ 7 օրվա ընթացքում կունենանք մրցույթի արդյունքները, որից հետո կշարունակենք երթուղիների սպասարկումը»,-ասաց Թարփոշյանը։
Նա նաև հավելեց, որ 28 համարի երթուղին փոքր-ինչ կփոփոխվի և ուղիղ կապ կլինի դեպի «Բարեկամության» մետրո։
Հիշեցնենք` մայրաքաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, 2021թ–ի դեկտեմբերի 12–ից սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարների երթուղիներով։ Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու են ընդհանուր շուրջ 17 երթուղի:
Երևան քաղաքը համայնքի բյուջեով ևս 100 ավտոբուս կգնի 2022 թվականին: Բացի այդ, Եվրամիության գործընկերների հետ վարկային և դրամաշնորհային ծրագրերով կգնվի ևս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս: