Ադրբեջանում գերության մեջ եղած և Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո կալանավորված զինծառայողների թիվն 9 կամ 10 է, նրանցից 2-ն արդեն ազատության մեջ են, դատարանը մերժել է նրանց կալանքը երկարացնելու միջնորդությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Նրանք մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, որը հանգեցրել է ծանր հետևանքների։ Այսինքն, պետությունը նրանց է վերագրում առաջացած ծանր հետևանքը, այն է` մեր դիրքերի կորուստները և դիրքերի կորուստների հետևանքով տարածքների կորուստները։ Այնինչ թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը դիրքի ռազմաքաղաքական ղեկավարությունն է` սկսած գերագույն հրամանատարից»,–մանրամասնեց Մելիքյանը։
Իրավապաշտպանը նշեց, որ ռազմագերիներին, ըստ էության, պարտադրվել է իրենց կյանքին վերջ տալ, ինչը որևէ օգուտ, ըստ էության, չէր տալու.
«Դրա արդյունքում մենք այդ դիրքերը չէինք կարող պահել։ Եթե համեմատենք, օրինակ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հետ, ապա նրանք մինչև վերջին փամփուշտը պայքարեցին, զոհվեցին` իմանալով, որ օգնություն է գալու։ Այս պարագայում անգամ դա չկար»,–ասաց Մելիքյանը։
Ըստ Մելիքյանի` սա նաև գերությունից վերադարձած հայրենակիցների իրավունքների խախտում է, որովհետև նրանք ոչ թե պարզապես գերության մեջ են եղել, այլև այնտեղ ենթարկվել են խոշտանգումների, և այդքանից հետո այդ մարդկանց կալանավորելու հիմքում պետք է ուղղակի դրված լինեին այնպիսի փաստեր, որոնք որևէ կասկած չէին հարուցի։
Իրավապաշտպանի պնդմամբ` այդպիսի փաստեր նրանց մեղադրանքի հիմքում դրված չեն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերուց 5-ին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։ Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Նրանց թվում էր նաև նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանը, որը երեկ`փետրվարի 6-ին, ազատ է արձակվել։ Ազատ արձակման որոշում է կայացվել նաև նոյեմբերի 26-ին հայրենիք վերադարձած զինծառայող, ենթասպա Արեն Արամյանի նկատմամբ։ Նրա պաշտպանական կողմի միջնորդության հիմքում դրված հանգամանքներից մեկն Արամյանի առողջական վիճակի վատթարացումն էր։