ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Իսկ իր հեղինակած երգի հնչյունների ներքո «Արամ Խաչատրյան» համերգասրահի բակում հավաքվածները ծափահարություններով հրաժեշտ տվեցին ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին։
Նրա վերջին հրաժեշտին ներկա էին մեծ թվով արվեստի, մշակույթի գործիչներ, պարզապես Գրիգորյանի ստեղծագործությունները սիրողներ։
ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն, ինչ արեց Արթուր Գրիգորյանը, մեծ հեղափոխություն էր երգարվեստի ասպարեզում:
«Ե΄վ երգի թատրոնը ստեղծելը, և΄ ամբողջ գործունեությունը, մի մեծ, տաղանդավոր և համարձակ մարդու արարքներ էին, որի հետևանքով ստեղծվեց դպրոց: Ես չեմ կարող ասել, որ գույն պակասեց, ես կարող եմ ասել, որ մի մեծ մարդ հեռացավ մեզանից: Նրա ներդրումը մշակույթի ոլորտում շատ մեծ է: Իրոք, սա մեծ կորուստ է մշակույթի համար և ընդհանրապես հայ ազգի համար»,-ասաց Էլբակյանը։
Հիշեցնենք, որ երգահանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։ Նրան կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում։