ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Կառավարությունը տեղեկացնում է, որ Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթևանների կացարանի 77 անօթևանների խնդիրը լուծվել է` նրանք տեղավորվել են Երևանի N1 տուն-ինտերնատ։ Կառավարությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` անդրադառնալով անօթևանների խնդրին։
Հայտնել էինք, որ հունվարի 1-ից կացարանը փակվել է, բնակիչներն էլ պետք է տեղափոխվեն Հաղթանակ թաղամասում գտնվող թիվ 1 տուն–ինտերնատ։ Տուն–ինտերնատի բնակիչները դեմ էին այս որոշմանը և բողոքի ակցիաներ էին կազմակերպում` ասելով, որ իրենք գոհ են իրենց կացարանում առկա պայմաններից, տնօրինությունից և չեն ցանկանում դուրս գալ այնտեղից։
Կառավարությունն այժմ հայտնում է, որ 2021-ի տարեվերջին պետության և անօթևան անձանց կացարան տրամադրող հիմնադրամներից մեկի միջև պայմանագիրն ավարտվեց, և քանի որ տվյալ կառույցը գործում էր էական խախտումներով, նոր մրցույթի մասնակցելու հնարավորություն չստացավ։
«Այս ամենի հետևանքով առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիր արդեն լուծվել է` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրանց տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատի տարածքում։ Դրան կից առանձին մասնաշենքը հիմա վերանորոգում են, որ դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ առավել բարվոք պայմաններում ապրեն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ի դեպ, անօթևան մարդիկ այնտեղ են 90 օրով։ Նրանց օրական երկու անգամ սնունդ է տրամադրվում, իսկ առավոտյան նախաճաշի և ընթրիքի ընթացքում պետք է դուրս գան կացարանից, որպեսզի աշխատանք գտնեն և հետագայում անօթևանների կացարանը լքեն։ Սակայն որպեսզի մարդիկ փողոցում չհայտնվեն, 90 օրը լրանալուց հետո լինում են դեպքեր, որ նորից են նրանց գրանցում և ընդունում։
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգել էր, որ անօթևան մարդկանց կացարանի փոփոխությունը նախարարությունն իրականացնում է թերացումներով և առանց նախապես բնակության տարրական պայմաններ ստեղծելու։ Նա գրառմանը կից լուսանկարներ էր հրապարակել` ներկայացնելով անօթևաններին նախարարության առաջարկած կացարանի վիճակը։