Որդու զինվորական բաճկոնն ու վերջին փամփուշտը. Երանոսյանները Քաշաթաղից կրկին Շիրակ եկան

Գարեգին Երանոսյանի անկյունն իրենց տանը
Տարիներ առաջ Երազգավորս գյուղից Արցախ տեղափոխվելիս Երանոսյանները վստահ էին, որ Քաշաթաղը շենացնելու են ու ամուր կառչեն արցախյան հողին: Գնում էին՝ չպատկերացնելով, որ իրենց որդին հարազատ դարձած Արծվաշենի համար անգամ կյանքը չի խնայի, բայց թշնամին կգրավի գյուղը:
Sputnik
Շիրակի Երազգավորս գյուղում Արցախի չքնաղ Քաշաթաղից բերված նռան ծառեր են աճում։ Արտուշ Երանոսյանն է տնկել իր 2–րդ հայրենիքի` Արծվաշենի կորուստը մեղմելու համար։
Տարիներ առաջ` 1999 թվականին, Արտուշ Երանոսյան և Վարդիթեր Կիրակոսյան ամուսիններն իրենց երկու զավակների՝ Գարեգինի և Գրիգորի հետ Շիրակի Երազգավորսից տեղափոխվել էին Արցախի Քաշաթաղի շրջանի Արծվաշեն գյուղ։ Տուն էին դրել, շենացրել, Արտուշը ղեկավարում էր Արծվաշեն գյուղը, իսկ կինը՝ Վարդիթերը, գյուղի դպրոցը:
2000 թ. դեկտեմբերին նրանց ավագ որդին` Գարեգինն արդեն զորակոչվել էր հայոց բանակ։ Զորացրվելուց երկու տարի անց պայմանագրային ծառայության անցել սահմանապահ ջոկատում։ Լավ ծառայության համար ստացել է ենթասպայի կոչում, արժանացել խրախուսանքների։ 2019 թ. օգոստոսից Գարեգինին է միանում նաև կրտսեր եղբայրը՝ Գրիգորը:
Արտուշ Երանոսյանը
Պատերազմի առաջին օրվանից` սեպտեմբերի 27-ից, եղբայրների վաշտը՝ հրամանատար, մայոր Մայիս Մաթևոսյանի գլխավորությամբ, տեղափոխվում է առաջնագիծ։ Առաջին օրվանից թշնամու թիրախում էին՝ փակում էին նրա ճանապարհը։ Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, այնուամենայնիվ, թշնամուն հաջողվեց շրջապատել նրանց վաշտը։
Մայրը՝ տիկին Վարդուհին, վերջին անգամ ավագ որդու հետ խոսել է հոկտեմբերի 3-ին: Սահմանապահ զորքերում ծառայած տղան ընտանիքին հորդորել է դուրս գալ գյուղից: «Առավոտյան ինձ ասաց. «մամ, դուրս եկեք», ասացի՝ չէ, ես մնալու եմ։ Իրիկունը էլի զանգեց` ժամը 9-ի կողմերը, ասաց` լավ է, բայց առավոտն էլ չզանգեց», -արցունքն աչքերին, որդու նկարով կախազարդն ամուր բռունցքում պահելով` պատմում է մայրը։
Գարեգին Երանոսյանի բաճկոնը
Գարեգինը ծանր վիրավորվել է, բայց շարունակել է կրակել՝ թուրքին կենդանի չհանձնվելու համար։ Թշնամուն պատճառելով զգալի կորուստներ՝ նպաստել է մարտական ընկերների շրջափակումից դուրս գալուն։ Գարեգինը կրտսեր եղբոր՝ Գրիգորի գրկում էլ փակել է աչքերը: «Գրիգորս տեսնում է, որ եղբայրը վիրավոր է։ Վերցնում են, մի 300 մետր տեղափոխում են, բայց չի հասցնում...։ Թուրքերը գալիս են, որ իրանց էլ շրջափակման մեջ գցեն, սստիպված եղբոր մարմինը թաքցնում է… Գարեգինիս մարմինը միայն ամիսներ անց ենք կարողացել վերադարձնել», - պատմում է Արտուշ Երանոսյանը։
Գարեգին Երանոսյանի վերջին փամփուշտը
2020 թ. դեկտեմբերի 29-ին Գարեգինին զինվորական կարգով հուղարկավորում են ծննդավայրում՝ Երազգավորսում, որտեղից հայ-թուրքական սահմանը մի քանի քայլ է։ Գարեգինը հետմահու ՀՀ-ի նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» և ԱՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի հուշամեդալներով։
Վարդիթեր Կիրակոսյանը
Արտուշ Երանոսյանը որդու գերեզմանի հարևանությամբ զոհված զինվորների պանթեոն է հիմնել։ Մտադիր է նաև եկեղեցի կառուցել: Նա կրկին նորոգել է հայրական տունը և տան մի անկյունը նվիրվել հերոս որդուն՝ աչքի առաջ պահելով ոչ միայն որդու լուսանկարներն ու հետմահու ստացած մեդալները, այլ նաև զինվորական բաճկոնն ու գրպանից հանած վերջին փամփուշտը: Արտուշն ու Վարդիթերը մխիթարություն են գտնում Գրիգորի երեք զավակների մեջ։ Հենց նրանց համար են ամուսինները նորից փորձում Երազգավորսում տնտեսություն հիմնել: «Նորից փորձ կանենք ապրելու՝ տնտեսությամբ զբաղվելու, թռչնապահություն, խոզապահություն զարգացնելու։ Հողեր ունեմ, որ թողել գնացել էինք, էդ հողերում պետք է այգի հիմնել։ Մարդը չպետք է ընկճվի, միշտ էլ թունելի վերջում լույս է երևում, պիտի ապրենք, դիմանանք հանուն մեր թոռների», - ասում է Արտուշ Երանոսյանը։
Գարեգին Երանոսյանի շիրիմը
Երազգավորս վերադարձած Երանոսյաններն այստեղ էլ կմնան՝ որդու շիրիմը հիմա ավելի ամուր է իրենց պահում հայրենի գյուղում: Արցախն ամուսինների հետ է ոչ միայն իրենց հիշողություններում, այլ նորատունկ այգում՝ Արցախից բերված նռնենու տնկիներով, որոնք արդեն հասցրել են արմատակակել Երազգավորսում:
Արտուշ Գարեգինյանի տնկած նռնենիները