Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները

Sputnik
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում այսօր հնչում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։
Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր` փետրվարի 5–ին` ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում, վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00, նույն վայրից:
Հիշեցնենք, որ երգահանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։
Արմատներով արցախցի կոմպոզիտորը ծնվել է Երևանում 1958թ–ի հուլիսի 31–ին։
1992 թվականին Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։
Իսկ 2001 թվականից եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։
«Մեր կյանքից մի մեծ մաս պոկեց, տարավ»․ հայտնիները` Արթուր Գրիգորյանի մասին