ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում: 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել է և մահացել: Տեղեկությունը հայտնում է hraparak.am–ը։
Ճոպանուղուց մանրամասներ չեն հայտնել, միայն ասել են, որ դեպքի հետ կապված քննարկում են անում, ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:
Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ դահուկներով սահելիս տղան ընկել է ու վնասել գլուխը։
«Հագին եղել է պաշտպանիչ գլխարկ, հագուստ դահուկ քշելու համար, ցավոք այնպես է ընկել, որ գլուխը վնասել է, և տղայի կյանքը փրկել չի հաջողվել»,– նշել է նա:
Կայքին պատմել են, որ տղան ազգությամբ հայ է, սակայն ապրում էր Գերմանիայում, բարեկամը հրավիրել էր Հայաստան, տղան եկել էր հանգստանալու: Մի քանի օր դահուկավարի հետ սովորել է վարել, իսկ այսօր մենակ է եղել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ ահազանգ չեն ստացել։