ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը ներկա են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։
Արարողությունը կազմակերպվել է Արամ Խաչատրյան համերգասրահում։
Հարազատներին ցավակցեց նաև ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ալեն Սիմոնյանը` կնոջ ուղեկցությամբ։
Ներկա են մեծ թվով արվեստի, մշակույթի գործիչներ։
Հիշեցնենք, որ երգահանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։ Նրան կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում։
Արմատներով արցախցի կոմպոզիտորը ծնվել է Երևանում 1958թ–ի հուլիսի 31–ին։
1992 թվականին Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։
Իսկ 2001 թվականից եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։