Փաստաբանը հայտնել է, որ Թելման Իսմայիլովը ստիպել է Աբրահամ Ռուսոյին համբուրել իր ձեռքերը

Բժշկական փաստաթղթերի համաձայն՝ Ռուսոյի մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, ինչպես նաև բազմաթիվ վնասվածքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Չերկիզովյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը ստիպել է հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոյին համբուրել իր ձեռքերը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր նման տեղեկություն են հայտնել Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում՝ 2004 թվականին արտիստի առևանգման գործը քննելիս։

«Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Թելման Իսմայիլովը կոպիտ է վարվել Ռուսոյի հետ, նվաստացրել է ու ստիպել համբուրել իր ձեռքերը, ստիպել է ընկերների համար երգել մասնավոր երեկույթներում։ Առևանգման օրը թիկնապահները ծեծել են նրան՝ մինչև գիտակցության կորուստը, Ռուսոյին հարկադրել են համագործակցել»,- գործակալությանը հետ զրույցում ասել է երգչի փաստաբան Անդրեյ Ալեշկինը։

Նա ավելացրել է, որ ըստ բժշկական փաստաթղթերի՝ Ռուսոյի առողջությանը ծանր վնաս է հասցվել։ Նրա մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ:
Ամբաստանյալի աթոռին է Զաուր Մարդանովը, որը արտիստի առևանգման երրորդ ենթադրյալ մասնակիցն է: Սակայն, ըստ օրենքի, մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում նա նույն ճակատագրին կարժանանա, ինչ մյուս երկու հանցակիցները՝ նա կազատվի իրական պատժից վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։
Դատարանը պարզել է, որ 2004 թվականի հունվարին Իսմայիլովը կանչել է Ռուսոյին մոսկովյան «Պրահա» ռեստորան, որտեղ այլ անձանց հետ ծեծի է ենթարկել, իսկ հետո ուղարկել իր առանձնատուն: Այնտեղ նրա մարդիկ ստիպել են Ռուսոյին չեղյալ հայտարարել բոլոր համերգներն ու «նրա հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել` նրա պայմաններով էստրադային գործունեություն վարելու համար»:
Ի՞նչ ազգություն ունի Աբրահամ Ռուսոն. երգիչը գենետիկ թեստ է հանձնել
Ներկայում Թելման Իսմայիլովը արտասահմանում թաքնվում է,որովհետև մեղադրվում է սպանություններին մասնակցելու համար: Վերջերս նա քաղաքական ապաստան է ստացել Չեռնոգորիայում։