ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Անգնահատելի է պարոն Գրիգորյանի ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնք մեր հարուստ մշակութային ժառանգության կարևոր մասն են»,- նշել է Փաշինյանը:
Նա շեշտել է, որ Գրիգորյանը Հայաստանի երգի պետական թատրոնում ունեցել է բեղմնավոր գործունեություն, որը էստրադային երգավերստին տվել է բազմաթիվ երիտասարդ կատարողներ:
«Արթուր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է, բայց նրա ազդեցությունն ու ներդրումը անշրջելի են հայկական էստրադայի զարգացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին ու կիսում նրանց վիշտը»,-նշել է վարչապետը:
Կոմպոզիտորի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ այսօր 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Նրա մահվան պատճառը քաղցկեղն է։