ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik.ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ընտրվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Մաթևոսյանը։
«Շնորհակալ եմ Խորհրդի անդամներին այդ բարձր կարգավիճակը ինձ վստահելու համար»,-գրել է նա։
Նա հավաստիացրել է, որ բուհը քաղաքականությամբ չի զբաղվելու։
«Ես առաջին երաշխավորն եմ, որ համալսարանի գործունեությունը լինելու է ապաքաղաքական»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն էլ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2020-ի նոյեմբերի 6-ին, երբ դեռ փոխվարչապետ էր, իսկ ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2021–ի նոյեմբերի 7-ին։
Ավելի վաղ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անդրադարձել էր հանրության շրջանում մեծ աղմուկ հանած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը և հայտարարել, որ Պապիկյանն է ընտրվել, որպեսզի բուհում չլինեն այնպիսի երևույթներ, երբ բուհն իր համեստ միջոցներից ստիպված լինի քաղաքականացված հիմնադրամներին մեծ գումարներ փոխանցել։